Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան Անկարայից կոնկրետ քայլեր է ակնկալում՝ կապված Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից խոցված «Սու-24» ռմբակոծչի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք սպասում ենք ինչ-որ կոնկրետ քայլեր նրանց (Թուրքիայի) կողմից: Առայժմ դրանք չկան»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ բանակցություններից հետո:
Պուտինն ընդգծել է, որ Մոսկվայում լսում են Անկարայի հայտարարությունները հարաբերությունները վերսկսելու մասին: «Մենք նույնպես ցանկանում ենք վերսկսել հարաբերությունները, սակայն մենք չենք դրանք քանդել»,- հայտարարել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի համար թանկ է եղել Թուրքիայի հետ հարաբերությունների մակարդակը: «Ինչո՞ւ է դա արվել, մինչ օրս չեմ հասկանում»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Թուրքիայի ներկայացուցիչների հետ շփման մեջ է տարբեր խողովակներով: