Բունդեսթագի պատգամավորները Գերմանիայի թուրքական համայնքից հազարավոր սպառնալից էլեկտրոնային նամակներ են ստացել' կապված այդ երկրի օրենսդիր մարմնում հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման հետ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Spiegel պարբերականը:

 

Թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գործիչ, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը մեկն է այն պատգամավորներից, ով բազմաթիվ վիրավորական ու սպառնալից նամակներ է ստացել հետևյալ պիտակավորումներով. «դավաճան», «հայ խոզ», «անառակի զավակ», «հայ ահաբեկիչ», «նացիստ»:

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Գերմանիայի փորձերը լուսաբանող լրագրողները ևս սպառնալից նամակներ են ստանում: Դրանց մեջ նշվում է. «Դու կոչնչացվես», «Քո վերջը լինելու է Հրանտ Դինքի նման»:

 

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին: Բանաձևն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը:

 

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար:

 

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

 

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին' Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել:

 

2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով: