Երևանի կենտրոնական հատվածում երեկ կատարված տաքսու վարորդի և նույն տաքսի ծառայության տնօրեն, երեք անչափահաս երեխայի հայր Արսեն Խանամիրյանի սպանությունը հերթական անգամ ցնցեց մեր հասարակության ոչ անտարբեր մասին: Մարդիկ մտովի ցավակցեցին, կարեկցեցին սպանվածի հարազատներին, արդարացի վրդովմունքի և զայրույթի զգացում ունեցան, և ևս մեկ ու հերթական անգամ գիտակցեցին, որ իրենք անպաշտպան են, որ սպանված Արսեն Խանամիրյանի փոխարեն կարող էին և իրենք լինել:
Ավելին. ի՞նչ երաշխիք, որ մեզանից որևէ մեկը, որը մեքենա է վարում, առաջիկայում երթևեկության ընթացքում չի հանդիպի տաքսու վարորդին սպանած Վահրամ Վերանյանի նման մեկին, թերևս երթևեկության հետ կապված ինչ-ինչ հանգամանքների բերումով չի արժանանա նրա զայրույթին` դրսևորված մարդասպանության տեսքով:

 

 

Ինչպես արդեն հայտնի է ՀՀ ոստիկանության հրապարակած պաշտոնական տեղեկատվությունից, «Հունիսի 1-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունենում և դանակահարված անձ կա»: Տեղեկատվության այս մասը կարևոր է այն առումով, որ դանակահարությանը նախորդել է վիճաբանությունը, եղել է վիճաբանություն: Հիմա ուշադրություն դարձնենք նույն տեղեկատվության շարունակությանը.

 


«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 14-ին նշված խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1990 թ. ծնված Վահրամ Վերանյանը արգելափակել է «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի տաքսի ավտոմեքենայի ընթացքը և իջնելով ավտոմեքենայից՝ դանակով հարվածներ է հասցրել «Ֆորդ Ֆոկուս»-ը վարող Արսեն Խանամիրյանի (1968 թ. ծնված) որովայնի և կրծքավանդակի հատվածներին ու պատճառել մահ:

 

 

Ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում` Վահրամ Վերանյանը ժամը 15.30-ին մեղայականով ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Վերանյանը կալանավորված է:

 

 

Կատարվում է նախաքննություն»:

 

 

Այսինքն` ի՞նչ` Վերանյանը իջնելով ավտոմեքենայից, միանգամի՞ց է հարձակվել ու դանակով հարվածներ հասցրել «Ֆորդ Ֆոկուս»-ը վարող Արսեն Խանամիրյանին ու սպանել: Դրան վիճաբանություն չի՞ նախորդել, ինչպես հայտնվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացված հաղորդմամբ: Այդ վիճաբանությանը Վ. Վերանյանի վարած «Նիվայի»` հանրությանն առայժմ անհայտ ուղևորը, որի անունը, ինքնությունը չեն հրապարակվում, չի՞ մասնակցել… Սա՞ է ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների շնորհիվ պարզվածը: Կարծում ենք, հասարակությունն իրավունք ունի մտահոգվելու և պահանջելու, որ քրեական պատասխանատվության կանչվեն այս հանցագործության բոլոր մասնակիցները, եթե, իհարկե, կան այդպիսիք: Պետք է պատասխանատվության կանչվեն` անկախ նրանից, թե ովքեր են նրանք, շարքային մեկն են, թե ունեն ինչ-որ ազդեցիկ հովանավոր:
Ավելորդ չեմ համարում հիշեցնել այս դեպքի առնչությամբ երեկ ԶԼՄ-ներից մեկում հրապարակված տեղեկատվության վերնագիրը` «Սահմռկեցուցիչ դեպք Երևանի կենտրոնում. Նիվայից դուրս եկած հաստագլուխները դաժան ծեծի են ենթարկել տաքսիստին, ով հիվանդանոցում մահացել է»: Այլ ԶԼՄ-ներ ևս տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ վիճաբանությունը տեղի է ունեցել «Նիվայի» վարորդի, ուղևորի ու տաքսու վարորդի միջև:

 

 

Ավելին. դեպքի վայրից հայտնվել էր, որ «Չարենցի, Վարդանանց և Նար-Դոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև…», «Նիվայի վարորդն ու ուղևորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի», «Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», և Նիվայի միջից ինչ-որ հաստագլուխներ դուրս են եկել ու դաժան հաշվեհարդար տեսել տաքսիստի հետ»: Ըստ հիշյալ տեղեկատվության, ոստիկանները «տաքսու մոտ հայտնաբերվել են արյան հետքեր, փայտե ձող (բիտա)»: Նկատենք, որ նշված ձողը նույնպես հուշում կամ վկայում է դանակահարությանը նախորդած կռվի, ծեծի կամ հաշվեհարդարի մասին:

 

 

Ինչպես հայտնի է, փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով, հուսանք, որ նախաքննությունն իսկապես բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական կլինի, ինչպես պաշտոնապես հավաստում է ՀՀ քննչական կոմիտեն:

 

 

Մեկ այլ խնդիր է, թե ինչու է տեղի ունեցել և սկզբունքորեն ինչու է հնարավոր դարձել վերոնշյալ սպանությունը: Հանրությանը հետաքրքրող հիշյալ հանցագործության դրդապատճառի մասին, կարծում ենք, առաջիկայում տեղեկատվություն կհրապարակի նախաքննության մարմինը, իսկ հնարավոր դառնալու առնչությամբ թերևս կարելի է ասել հետևյալը` Վահրամ Վերանյանի համար մարդու, դիմացինի կյանքն արժեք կամ առանձնապես արժեք չի ունեցել, այլապես նա Արսեն Խանամիրյանին մեկը մյուսի ետևից հարվածներ չէր պատճառի մարմնի կենսականորեն կարևոր հատվածներին:

 

 

Իսկ ինչո՞ւ արժեք չի ունեցել, ինչո՞ւ են ոմանք այսքան չարացել, դարձել այսքան դյուրագրգիռ, դիմացինի հանդեպ այսքան ագրեսիվ ու դաժան, այսքան աններող… Իրենց վարքով կատաղած կենդանիների վարքին նմանվող… Ձևականորեն քրիստոնյա, բայց քրիստոնեական արժեհամակարգից հազարավոր կիլոմետրերով հեռու… Ո՞ւր է նրանց քրիստոնեական դաստիարակությունը, որ դեռ դպրոցական տարիքից պետք է տրվեր (Վահրամ Վերանյանն ընդամենը 25-26 տարեկան երիտասարդ է): Սանձարձակությունը, հղփացածությունը, ազդեցիկ հովանավոր ու նրա շնորհիվ անպատժելիության զգացում ունենա՞լն է այս դեպքի ետևում, թե Վերանյանն այդպիսի ոչ մի հովանավոր էլ չունի, պարզապես վաղ դպրոցական տարիքից հեռուստատեսությամբ և այլ կերպ ցուցադրվող ֆիլմերում հարյուրավոր անգամներ տեսել է, թե մարդն ինչպես է սառնասրտորեն սպանում իր նմանին ու հոգեբանորեն վարժվել է դրան, գիտակցության թե ենթագիտակցության մակարդակով սպանությունը նրա համար դարձել է մի սովորական բան, մարդու կյանքը` անարժեք: Լսենք Սոս Սարգսյանի սթափեցնող իմաստնախոսությունը, որը նաև այս կապակցությամբ է:

 

 

 

Արթուր Հովհաննիսյան