ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ապրիլի սկզբին Ադրբեջանի ձեռնարկած գործողությունները պարզապես պատժիչ-դիվերսիոն գործողություններ էին, սադրանք, պատերազմ չէին: Սրան հակադարձել էր ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը' իր հարցազրույցներից մեկում ասելով, որ ինքը, ինչպես նաև բազմաթիվ մասնագետներ, փորձագետներ համաձայն չեն Սամվել Բաբայանի այս գնահատականին, քանի որ Ադրբեջանն իսկապես խոշոր հարձակում էր պատրաստել, և իրականում տեղի ունեցածը պատերազմ է:
Արցախի ՊԲ նախկին հրամանատարի ասածը Դավիթ Բաբայանը համարել է վիճահարույց ու դիտարկել քաղաքական ենթատեքստում, հարցազրույցը' որպես քաղաքականություն մտնելու հայտ, քանի որ դրանում գնահատականներ կան իր իսկ դերակատարության, ներկա կյանքում առկա սխալների, դրանք շտկելու անհրաժեշտության վերաբերյալ:

 

 

Այն, որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, ներառյալ' երկու պետությունների պաշտպանական ոլորտներում կան շտկման կարիք ունեցող սխալներ, բացեր, թերություններ, հայտնի և անվիճելի բան է: Բայց ի՞նչ է ուզում ասել Սամվել Բաբայանը' ա՞յն, որ մեծ-մեծ մի խոսեք, Ադրբեջանի նախաձեռնածը պատերազմ չէր, եթե իսկապես պատերազմ սկսեր, ապա հարց է, թե այս-այս թերություններով, սխալներով ինչպես դուրս կգայիք դրա տակից, իսկ ենթատեքստում' որպեսզի հնարավոր պատերազմում չպարտվենք, հետևություններ արեք, օգտագործեք իմ փորձը, գիտելիքները, Պաշտպանության բանակի հրամանատարությունը վերստին տվեք ինձ: Չգիտեմ ով ինչպես, նրա ասածը ես այսպես եմ հասկանում, իսկ թե ճիշտ եմ հասկանում, թե սխալ' միայն ինքը գիտի: Այնուհանդերձ, Սամվել Բաբայանի ասածն իսկապես անընդունելի է և տարբեր առումներով չի համապատասխանում իրականությանը: Որպեսզի դա հասկանալի լինի, նախ մեջբերենք, թե ինչ է ասել Սամվել Բաբայանն իր հիշյալ հարցազրույցում.

 

 

«Որևիցե բլից կրիգ կամ այլ ձևակերպումներով պատերազմ ես դա չեմ համարի, դա եղել է դիվերսիոն գործողություն, որտեղ հակառակորդը քայլեր է ձեռնարկել, փորձել է պատժիչ գործողություն կատարել, որտեղ ինքը ստացել է անսպասելի հաջողություն, անսպասելի՝ իրենց համար, հետո փորձել է ամրապնդել էդ հաջողությունը: Ես չեմ համարում դա պլանավորված օպերացիա, դա պլանավորել են կորպուսի ղեկավար ռազվեդխմբերը իրենց, փորձել են դիվերսիոն գործողություն կատարել»:

 

 

Թերևս բոլորն էլ գիտեն, թե ինչ է նշանակում դիվերսիոն գործողությունը, սակայն եթե կան մարդիկ, որոնք իսկապես չգիտեն, հիշեցնեմ.
«Դիվերսիա (լատ.՝ diversio— շեղում), խափանարարություն, որևէ պետության տնտեսական, ռազմական հզորությունն ու բարոյական վիճակը թուլացնելու նպատակով կազմակերպվող քայքայիչ գործողություններ, կատարում են այդ նպատակով նախապատրաստված գործակալները՝ դիվերսանտները կամ դիվերսիոն խմբերը»։

 

 

Մեջբերումը «Վիքիպեդիայից»՝ ազատ հանրագիտարանից է: Թերևս բավական է ասել, որ ապրիլյան իրադարձություններին ադրբեջանական կողմից ոչ թե կամ ոչ միայն դիվերսանտները կամ դիվերսիոն խմբեր, այլև Ադրբեջանի բանակի հազարավոր զինվորներ ու սպաներ էին մասնակցում' օգտագործելով նաև ռազմական հարվածային ուղղաթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր, հրանոթներ, ծանր ռազմական տեխնիկա' բազմաթիվ տանկեր և զրահամեքենաներ, «Град», «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ТОС-1А («Солнцепек») հրանետային համակարգեր: Այսպիսի խափանարարություն (դիվերսիա) ամբողջ աշխարհում ռազմական գործողությունների պատմությանը հահտնի չէ:

 

 

Ավելին. ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ու բանակի նպատակը չի եղել միայն Արցախի ռազմական հզորությունն ու բարոյական վիճակը թուլացնելը, հստակ նպատակ է եղել ծանր հարվածներ հասցնելով մեր կենդանի զինուժին, ռազմական տեխնիկային, պաշտպանական դիրքերին, խաղաղ բնակավայրերին, գրավել մեր կողմից ազատագրված տարածքների և Արցախի տարածքի մի մասը, ինչը շնորհիվ, առաջին հերթին, Պաշտպանության բանակի զինվորների ու սպաների, ինչպես նաև կամավորականների հերոսական պայքարի, դիմադրության, ապա հակահարձակման, կասեցվել է, թշնամին սոսկ խիստ մասնակիորեն է կարողացել հասնել իր նպատակին:
«Դիվերսիա» բառի առավել հանգամանալից բացատրությունը կա Էդուարդ Բագրատի Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» («Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1976) 301-րդ էջում, ահա այն.

 

 

«1. (ռազմական) Ռազմական կողմնակի գոծողություն՝ թշնամու ուշադրությունը գլխավոր հարվածի ռազմաբեմից հեռացնելու նպատակով:
2. Ռազմական և արդյունաբերական կարևոր օբյեկտների պայթեցում՝ հրկիզում՝ ավերում ևն ներքին թշնամիների կամ ուրիշ պետությունների գործակալների կողմից, խափանարարություն»:

 

 

Բնականաբար, հարց է առաջանում' եթե ապրիլի առաջին օրերին տեղի ունեցածը ռազմական կողմնակի գոծողություն էր՝ մեր ուշադրությունը գլխավոր հարվածի ռազմաբեմից հեռացնելու նպատակով, ապա ո՞րն էր այդ գլխավոր հարվածի ռազմաբեմը, կամ ի՞նչ գործակալների, դիվերսանտների, դիվերսիոն խմբերի մասին է խոսքը, երբ Ադրբեջանն իր կանոնավոր բանակը և այդ բանակի տարբեր ստորաբաժանումներն էր գործի դրել:

 

 

«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի» (Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան 1969-1980) 514-րդ էջում «դիվերսիա» բառի բացատրությունը («1. Ռազմական և արդյունաբերական կարևոր կետերի հրկիզում և պայթեցում օտար պետության գործակալների կողմից, խափանարարություն: 2. (ռազմ.) Գլխավոր ուժերից թշնամու ուշադրությունը շեղելու համար կատարվող ռազմական գործողություն») նույնպես փաստում է Սամվել Բաբայանի տված գնահատականի սխալ լինելը:
«Պատերազմ» բառի հանրագիտարանային և բառարանային բացատրությունները նույնպես վկայում են, որ տեղի ունեցածը պատերազմ էր, և այն այդպիսին չհամարելով, Սամվել Բաբայանը կամ սխալվում է, կամ քաղաքական նպատակներով միտումնավոր նվազեցնում հարձակման լրջությունը: «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում «պատերազմ» բառի դիմաց գրված է.

 

 

«… քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։

 

 

Որպես կանոն, պատերազմը հետապնդում է հակառակորդին սեփական կամքի պարտադրման նպատակը։ Ըստ 19-րդ դարի ռազմական փորձագետ Կարլ ֆոն Կլաուզևիցի ձևակերպման՝ «պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներովե։[1] Այդ իմաստով պատերազմը դա կազմակերպված զինված բռնություն է, որի նպատակն է քաղաքական նպատակներին հասնելը։ Պատերազմի նպատակներին հասնելու հիմնական միջոցը կազմակերպված զինված պայքարն է, ինչպես նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ միջոցներ»։

 

 

Ինչպես հայտնի է, ռազմական (մարտական) գործողությունները հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև էին, ավելին' Ադրբեջանի կազմակերպած զինված հարձակումն ուղեկցվեց դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական միջոցների գործադրմամբ:

 

 

Մեջբերեմ նաև «Արդի հայերենի բացատրական բառարանից» «պատերազմ» բառի իմաստի առաջնային բացատրությունները, որոնք նույնպես փաստում են, որ տեղի ունեցածը պատերազմ էր.

 

 

«1. Զինված ընդհարում՝ կռիվ երկու կամ ավելի պետությունների միջև: 2. Զինված ուժերի բախում՝ կռիվ, ճակատամարտ: 3. Պայքար, որևէ բան ոչնլացնելու՝ կործանելու ևն համար վարվող կռիվ»:

 

 

Դավիթ Բաբայանն ևս «Առավոտի» հետ զրույցում բավական լուրջ փաստարկներով հերքել է Սամվել Բաբայանի հիշյալ գնահատականը, ապացուցել նաև, որ Ադրբեջանի գործողությունը եղել է մեր թշնամու ռազմաքաղաքական ղեկավարության, բանակի հրամանատարության կողմից նախապես պլանավորված ու կազմակերպված, և ոչ թե պլանավորված կորպուսի ղեկավար ռազվեդխմբերի կողմից, ինչպես Սամվել Բաբայանն է ներկայացրել, «կորպուսի ղեկավար ռազվեդխմբերը» չէին կարող առաջ բերել ու գործի դնել բանակի տարբեր ստորաբաժանումներ, օգտագործել հարվածային ուղղաթիռներ: Սակայն Դավիթ Բաբայանն ինքն էլ, իր հերթին, սխալ գնահատական է տվել կատարվածին, ընդսմին հակասելով իր նախորդ մտքին. նախ ասել է, որ եղել է չորսօրյա պատերազմ, որը, սակայն, չի հասել այն լայն ծավալին, որ կարող էին Ստեփանակերտը, Երևանը և Բաքուն հրթիռակոծվել, իսկ հաջորդ նախադասությամբ ասել, որ դա միանշանակ եղել է լայնածավալ պատերազմ: Լայնածավալ կարելի է համարել սոսկ այն առումով, որ թշնամին հարձակվել է լայն ճակատով, սակայն անվիճելի է, որ պատերազմն իրականում լայնամասշտաբ կամ մեծամասշտաբ չի եղել, Ադրբեջանն ի սկզբանե իր առջև նպատակ չի դրել Արցախը գրավելու, ոչ էլ նույնիսկ' Ստեփանակերտին հարվածելու: Հակառակ պարագայում նա հարվածներ կհասցներ Ստեփանակերտին, Շուշիին, Հադրութին և այլ բնակավայրերի, Արցախի օդանավակայանին և գետնի վրա կանգնած օդային ուժերին, կամուրջներին, էլեկտրակայաններին, բոլոր զորամասերին, իհարկե, ինքն էլ ծանր հարվածներ ստանալով մեզանից:
Վերը նշվածի առումով թերևս բավական է ասել, որ Ադրբեջանն իր ռազմական ինքնաթիռներից որևէ մեկը գործի չի դրել, տանկերի և զրահատեխնիկայի փոքր մասն է օգտագործել, առնվազն 30 «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից միայն մեկը, ընդ որում, 12 արկերից 6 թե 7-ն է արձակել, չի օգտագործել նաև իր ունեցած շատ այլ զենքեր:

 

 

Իհարկե, սա թշնամու ռազմական հզորության գովք չէ, որովհետև Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները, թերևս առանց բացառության, ոչնչացվելու էին հայոց երկնքում, իսկ «Смерч»-ի արկերն էլ արձակել չգիտեն (կամ էլ Ուկրաինայից և Ռուսաստանից նրանց վրա անորակն են սաղացրել), քանի որ դրանցից 4-ը չպայթեցին, երկուսը թե երեքն էլ սխալ ուղղությամբ, թիրախից բավական շեղ էին արձակել: Սակայն, բոլոր դեպքերում, այս փաստերը վկայում են, որ տեղի ունեցածը լայնամասշտաբ կամ մեծամասշտաբ պատերազմ չէ, դրա ճիշտ բնութագիրը կամ գնահատականը հետևյալն է' փոքրամասշտաբ պատերազմ: Ադրբեջանն իր զինուժի մասնակի օգտագործմամբ ցանկացավ իրականացնել սրընթաց (բլից կրիգ) և սահմանափակ նպատակադրմամբ լայնածավալ ռազմական գործողություններ (չշփոթել լայնածավալ պատերազմի հետ) կամ սահմանափակ նպատակադրմամբ փոքրամասշտաբ պատերազմ, հընթացս իրականացնել նաև մարտ հետախուզությամբ, սակայն իր նպատակադրած տարածքների սոսկ չնչին մասը կարողացավ ձեռք բերել' հայկականից անհամեմատ մեծ կորուստների գնով:

 

 

Արթուր Հովհաննիսյան