Թուրքիայում հետապնդում են սկսել Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք այն պատգամավորների նկատմամբ, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին: Հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Բունդեսթագում ընդունված բանաձևին կողմ է քվեարկել ազգությամբ թուրք 11 պատգամավորներից առնվազն յոթը: «Ինձ համար՝ որպես թուրքագետի, շատ հետաքրքիր է այն, որ հիմա Թուրքիայում տեղի է ունենում այդ պատգամավորների հետապնդում: Այսինքն, գտնում են նրանց գյուղերը, հարազատներին: Երեկ Թուրքիայում նկարներով ու հասցեներով տարածված էին այդ թուրք պատգամավորների անունները: Թուրքական մամուլում այդ պատգամավորների նկատմամբ Լինչի դատաստանի կոչեր էին արվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռացումից հետո Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն առաջին մարտահրավերն էր, որը նոր թուրքական կառավարությունը չկարողացավ հաղթահարել: «Մենք տեսանք, որ նոր վարչապետը չկարողացավ միջազգային խաղի կանոններին համապատասխան Թուրքիայի այս ուրացման քաղաքականությունն առաջ տանել»,- ասաց թուրքագետը: