ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով հաստատել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ, հաղորդում է «Արմենպրես»-ը։
Բանաձևն ընդունվել է 103 «կողմ», 9 «դեմ» և 53 «ձեռնպահ» ձայներով։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ Հայաստանն այս անգամ կողմ է քվեարկել բանաձևին։ Անցած տարի նույնատիպ բանաձևի քվեարկության համեմատ այս անգամ 3-ով ավելացել է կողմ արտահայտվող երկրների թիվը, 6-ով պակասել են ձեռնպահ քվեարկող երկրները։
Ըստ բանաձևի՝ «բոլոր ներքին տեղահանված անձինք ու փախստականները, ինչպես նաև նրանց սերունդները, անկախ էթնիկ պատկանելությունից, իրավունք ունեն վերադառնալու իրենց տները Վրաստանում, այդ թվում՝ Աբխազիայում և Ցխինվալի շրջանում (Հարավային Օսիա)»։
Բանաձևը շեշտում է «Վրաստանում հակամարտություններից տուժած բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների գույքի իրավունքը հարգելու և այդ իրավունքների խախտմամբ գույքը ձեռք բերելուց զերծ մնալու անհրաժեշտությունը»։
Փաստաթուղթը վերահաստատում է «ժողովրդագրական պարտադրված փոփոխությունների անընդունելիությունը», շեշտում է մարդասիրական գործունեության անարգել մուտքի հրատապ անհրաժեշտությունը «բոլոր ներքին տեղահանված անձանց, փախստականների և այլ անձանց համար, որոնք բնակվում են հակամարտությունից տուժած բոլոր հատվածներում Վրաստանի տարածքում»։
Բանաձևով նաև Ժնևյան քննարկումների բոլոր մասնակիցներին կոչ է արվում մեծացնել ջանքերը կայուն խաղաղություն հաստատելու, վստահության կառուցման միջոցառումներն ընդլայնելու, մարդու իրավունքները հարգելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու, անվտանգային նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները կարողանան կամավոր, ապահով, արժանապատիվ կերպով և անարգել վերադառնալ իրեն ծագման վայրեր։
Փաստաթուղթը նաև ընդգծում է այս գործընթացը կազմակերպելու համար ժամանակացույց մշակելու անհրաժեշտությունը։