Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության դրվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Քվեարկությունից առաջ վարման կարգով ձայն խնդրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա տեղեկացրեց, որ երեկ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են տարբեր քաղաքացիների, «Դեմ եմ»-ի ակտիվիստներին, լսել նրանց տեսակետն ու հասկացել, որ այս նախագիծը կես քայլ առաջ է որոշակի իմաստով ու մեղմում է լարվածությունը: Զոհրաբյանի խոսքով՝ օրինագիծը թերի է ու կիսատ, մի շարք հարցեր կան, որոնք բաց են մնում: «ԲՀԿ-ն քվեարկելու է ձեռնպահ, եթե քառյակում կայացվի որոշում՝ ստորագրահավաք սկսել արտահերթ նիստի պահանջով, ԲՀԿ-ն միանալու է»,- ասաց նա:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը ևս նշեց, որ կես քայլ առաջ է նախագիծը, խնդիրն ամբողջությամբ իր լուծումը չի ստանում: «ՕԵԿ-ը նախագծին քվեարկելու է ձեռնպահ»,- տեղեկացրեց Մարգարյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու:
Չնայած ՀՅԴ-ն երեկ հայտարարել էր, որ կողմ է նախագծին, սակայն այսօր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենք միշտ դեմ են եղել պարտադիր բաղադրիչին, այս նոր նախագծում քաղաքացու կամարտահայտութոնը հաշվի է առնված, միաժամանակ ՀՅԴ-ն հասկանում է, որ սա քայլ առաջ է նախկին կառավարության կարծր դիրքորոշումից: ՀՅԴ-ն որոշել է ձեռնպահ քվեարկել:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ իրենք դեմ են քվեարկելու:
ՀՀԿ-ից Հակոբ Հակոբյանին զարմացրեց ձեռնպահ քվեարկելու երեք ուժերի որոշումը: «Դուք քառյակով ի՞նչի համար էիք պայքարում, որ հասարակության հետ հաշտ ու խաղաղ ճանապարհով գնա՞ք, թե՞ ավելի բարդացնեիք համակարգը»,- հարցրեց նա:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ ընդգծեց, որ ձեռնպահ է քվեարկելու: «Մենք հետաձգում ենք խնդիրն ու ստեղծում ենք նոր խնդիր. վեց ամիս հետո սա ձնագնդիկի նման հավաքվելու է: Էս նեղ մաջալին անհասկանալի է՝ ինչու է 21 միլիարդ հանվում շրջանառությունից»:
Նախագիծըն ընդունվեց 68 կողմ, 12 դեմ և 36 ձեռնպահ ձայներով: