Երկար տարիներ Ռուսաստանում բնակված, ապրելու և այստեղ աշխատելու նպատակով 2013թ. հայրենիք վերադարձած Երևանի բնակիչ, «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետ այս տարվա փետրվարին ու մարտին առնչվելիս նյարդային ու լարված վիճակի հետևանքով կարճ ժամանակ անց ինսուլտ է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

 

«ԱՄՆ-ում 147 դոլարով (մոտ 73 000 դրամով) գնված ապրանքի մաքսազերծումը և ստացումը Հայաստանում ինձ վրա նստեց մոտ 87 000 դրամ, չհաշված տաքսիների վարձը,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մնացականյանը:

 

 

Ի վերջո, ո՞վ պետք է փոխի Հայաստանում փոքր ձեռնարկատիրությունը, տնտեսությունը խեղդող այս օրենսդրությունն ու կարգը»:

 

 

Աշոտ Մնացականյանը լավագույնս է բացահայտել, թե Հայաստանում իրականում ինչ պայմաններ են ներկրմամբ զբաղվող փոքր ձեռնարկատերերի ու ձեռնարկատիրության համար: Հիմա մենք արդեն սպասում ենք ՊԵԿ-ի նախագահի պատասխանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ պատգամավորների համապատասխան քայլերին:

 

 

«Մաքսային ծառայության հետ առնչվելու հետևանքով իմ մտորումների, հուզումների, նյարդային վիճակի արդյունքում ես ուղեղի կաթված ստացա, ապրիլի 9-ին ինձ տարան հիվանդանոց,- պատմեց Աշոտ Մնացականյանը:- Զգացի, որ աջ ոտքս և աջ ձեքս սկսեցին ինձ չենթարկվել: Վատ զգացի ինձ, շտապօգնություն զանգեցին, շտապօգնությունը եկավ, չափեցին ճնշումս, 180 էր: Ներարկում կատարեցին, ինձ հետաքրքիր էր իմանալ, թե ինչ է ինձ հետ կատարվում, հարցրեցի' եթե նախաինսուլտային կամ նախաինֆարկտային ինչ-որ բան կա, ասեք, ես հիվանդանոց գնամ: Բժշկուհին ասաց' ոչ մի բան էլ չկա, կսրսկեմ, բայց հետո անպայման նևրոպաթոլոգի մոտ գնացեք: Շաբաթ օր էր, ժամը 16-17-ի սահմաններում: Լավ խոսացող կին էր այդ բժշկուհին, շատ տարօրինակ էր նրա ասածը. ինձ համար պարզվեց, նորություն էր, որ Ամերիկայի բժիշկներն անգրագետ են, Եվրոպայի բժիշկներն անգրագետ են, որովհետև այնտեղ աջ ականջի համար մի բժիշկ է գալիս, ձախ ականջի համար' մեկ այլ բժիշկ, իսկ մերոնք ամեն ինչից հասկանում են: Այդ օրը հասկացա, որ մերոնք ամեն ինչից հասկանում են, ինձ հետ կապված, հրատապ լուծում պահանջող որևէ առողջական խնդիր չկա, միայն պետք է հետո նևրոպաթոլոգի մոտ գնամ»:

 

 

Մեր զրուցակիցն այս ամենը, իհարկե, հեգնանքով էր ասում: Ինչևէ, շտապօգնության բրիգադը գնացել է, Աշոտ Մնացականյանը մի քանի ժամ հետո իրեն ավելի վատ է զգացել, արդեն չի կարողացել քայլել: Տանեցիներից շտապօգնություն են կանչել, երկրորդ բրիգադն է եկել:
«Նայեցին, ճնշումս չափեցին, ինչ-որ դեղ ներարկեցին, հետո բժշկուհին ասաց, որ պետք է հիվանդանոց տեղափոխվեմ, հարցրեց նաև, թե ո՞ր հիվանդանոց եմ ուզում գնալ, ասացի' «Էրեբունի», քանի որ տղաս այդ հիվանդանոցի մոտ է ապրում,- պատմեց Աշոտ Մնացականյանը:- Ինձ տարան հիվանդանոց, երեկոյան, որքան հիշում եմ, ժամը 11-ի կողմ արդեն «Էրեբունի» հիվանդանոցի ընդունարանում էինք: Բժիշկները միանգամից ստուգեցին, ճնշումս չափեցին, պրոցեդուրայինն արեցին, վերջացրեցին, ու ես նստած մնացի ընդունարանում 30-40 րոպե: Հետո հարցրեցի, թե ի՞նչ կա, բժիշկներն այս ինչո՞ւ տեղերից չեն շարժվում… Մերոնք ասացին, թե 40 000 դրամ պետք է վճարենք, որ KT (կոմպյուտերային տոմոգրաֆիա) անեն: Կանչեցի այդ աղջկան, ասացի' աղջիկ ջան, գիշերվա կեսն է արդեն, այդքան գումար չկա մոտներս, KT-ի համար այդ 40 000-ը վաղը կմուծենք, ստուգեք, պառկեցրեք, բուժում նշանակեք, մինչև վաղը գումարի հարցը կլուծենք, այդ գումարը կմուծենք:

 

 

Բա թե' չեմ կարող, օրենքն է այդպիսին, իրավունք չունեմ:

 

 

Տղաս այնքան զայրացավ, որ իրեն թույլ տվեց ասելու' հո դուք թուրք չե՞ք, այս մարդուն պառկեցրեք, մինչև վաղը գումարի հարցը լուծենք: Բժշկուհին, իհարկե, շատ վիրավորվեց, հասկանալի է, թե ինչու վիրավորվեց, ինքն էլ, ես էլ այս վիճակում հայտնվեցինք եղած կարգի հետևանքով:

 

 

Արդեն նյարդային ու շատ վատ վիճակ էր մոտս, պատկերացնո՞ւմ եք' ես արդեն ինսուլտ ստացած, հայտնվում եմ այս նյարդային վիճակում: Ասացի' ինձ հիմա մի գրավոր մերժում, մի թուղթ տվեք, որ հիվանդանոց չեք ընդունում: Բա թե' չեմ կարող այդպիսի թուղթ տալ, ասացի' շտապօգնությամբ բերել են, կամ պառկացրեք, կամ մի պառկացրեք և ինձ մի թուղթ տվեք, որ դուք չեք ընդունում, ես ուրիշ հիվանդանոց գնամ: Դարձյալ հրաժարվեց' ասելով' ես այդպիսի լիազորություններ չունեմ, այդ թուղթը չեմ կարող տալ: Մինչև ժամը մոտ 1-ը, այդպիսի նյարդային վիճակի մեջ, ընդունարանում նստած էինք, տեսանք ելք չկա, նորից եկանք այդ բժշկուհու մոտ, ասացի' գոնե զանգեք մեկին, զեկուցեք, որ այսպիսի վիճակ է, այդ փողը վաղը կմուծենք, պե՞տք է' պարտավորագիր գրենք, իմ ձեռքը չի աշխատում, կինս թող գրի, որ պարտավորվում եմ վաղն այդ գումարը մուծել: Նոր կինս այդ թուղթը գրել է, ինձ KT են արել, տարել, պառկեցրել են: Դեմը կիրակի էր, մասնագիտական հարցեր են, ես չգիտեմ, բայց երկուշաբթի օրվանից բժշկուհին սկսեց ինձ բուժել, 10 օր պառկեցրեցին, այդ ընթացքում նորից տարան «յամեռի», և այլն, և այլն:

 

 

Կարծում եմ, իմ վիճակի այդքան վատանալու 40-50 տոկոսը հետևանքը եղավ հիվանդանոցում նշածս պատճառով զայրանալը: Ուզում եմ հասկանալ' ես Ռուսաստանում եմ ապրել, նույնիսկ առանց գրանցման, բայց երբ շտապօգնության կարիք է եղել, ինձ տարել են, բուժօգնություն ցուցաբերել, հիմա ես եկել եմ իմ երկիր, այս ի՞նչ է կատարվում… Վերջին հաշվով, թողնում են, որ մարդը մեռնի՞, չե՞ն հասկանում, որ արդյունքում կարող է դա լինել, իրենց համար այդպիսի հետևանքը միևնո՞ւյնն է, վստահ են, որ պատասխան չե՞ն տալու… Երևի վստահ են:



Թող բուժեն մարդուն, կատարեն այն գործողությունները, որ պետք է անհապաղ կատարեն, հետո եթե մարդը չի վճարի, դատի տան նրան, դիմեն ԴԱՀԿ: Պահանջատերերին որ պետք է լինում, շատ լավ էլ գումարը տանում են մարդկանցից, նույնիսկ տներն են վերցնում, ինչի՞ մասին է խոսքը, ինձ ինչո՞ւ այս վիճակում 2 ժամ թողեցին, միայն վեճից, սկանդալից հետո պառկեցրեցին հիվանդանոց: Դեռ չեմ խոսում հետո մուծած հսկայական գումարների մասին, բոլորն էլ գիտեն, որ փող չունեցար, ուրեմն մեռիր: Ո՞վ կարող է այս հարցերին պատասխանել»:

 

 

Հայաստանում առկա մաքսային կամ տնտեսական պայմանների հետևանքով Աշոտ Մնացականյանն օրերս ստիպված է եղել դիմել համապատասխան մարմնին, իր գործունեությունն է դադարեցրել հերթական ընկերությունը:

 

 

Արթուր Հովհաննիսյան