Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին թե դրանից կարճ ժամանակ անց խոսակցություններ տարածվեցին, թե մեր որոշ տանկերում, մեքենաներում վառելանյութը բավարար չի եղել, կեսճանապարհին են մնացել, որովհետև զինվորների կամ սպաների կողմից վառելանյութը գողացված է եղել: Ասում էին նույնիսկ տանկերից մեկի բաքում բաքում մոտ կիսով չափ փրփրապլաստի կտորներ են լցված եղել, որպեսզի վառելանյութի ցուցիչը ցույց տա լրիվ բաք' այն դեպքում, երբ վառելանյութի կեսը բաքում չի եղել:
Չգիտենք' վերոնշյալ խոսակցությունները համապատասխանո՞ւմ էին իրականությանը, թե պարզապես քաղաքական նպատակներ հետապնդող հերյուրանքներ էին: Հավանաբար' վերջինը... Մի պահ պատկերացնենք նաև, թե այդ խոսակցություններն ընդհանրապես չեն եղել: Բայց քառօրյա պատերազմը, այն իրողությունը, որ թշնամին մեր հայրենիքը գրավելու, տիրելու, մեզ ոչնչացնելու նպատակով միշտ պատրաստ է հարձակման ու գործնականում հարձակվեց էլ, բավարար չէի՞ն, որ որևէ զինծառայողի ձեռքը չգնա ռազմական տեխնիկայի վառելանյութի գողության… Սակայն, ինչպես պարզվում է, անգամ այդ սթափեցնող իրողությունները բավարար չեն եղել, որպեսզի զինծառայողն իր շահադիտական, եսամոլական նկրտումները ստորադասի հայրենիքի պաշտպանությունն ապահովելուն պատրաստ լինելու հրամայականին:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սարգիս Թադևոսյանը ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելով N զորամասում, 2015թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ռազմական տեխնիկաներից մեկի վառելիքի բաքից գողացել է 180 լիտր դիզվառելիք:
Նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Արսեն Բարսեղյանին, Արտյոմ Վարդանյանին, Ռուբեն Սահակյանին և Կարեն Սարգսյանին: Ըստ մեղադրական եզրակացության, այն նրանք 2015թ. նոյեմբերի 8-ին, ժամը 20:00-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, ավտոտեխնիկաների բաքերից փորձել են միասին, խմբով գողանալ դիզվառելիք: Այս մի հանցագործությունը, սակայն, չի ստացվել:
Վերը նշված արարքների համար Սարգիս Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի («Գողությունը») 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, իսկ մյուսներին' 34-177-րդ հոդվածի (գողության հանցափորձը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:
Այսպիսով հերթական անգամ երևակվում է ՀՀ քրեական օրենսգրքի թերություններից ևս մեկը, որը պետք է հնարավորինս շուտ վերացնել. փաստորեն, ծառայության ընթացքում տանկի կամ ռազմական այլ տեխնիկայի բաքից 180 լիտր վառելանյութի գողություն կատարած անձի քրեական պատասխանատվությունը, պատժաչափը նույնն է, ինչ, ասենք, Երևանից Մոսկվա քաղաքացիական ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի բաքից 180 լիտր վառելանյութ գողացողի քրեական պատասխանատվությունը:
Ծանուցում. հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ա. Հովհաննիսյան