ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է 2014 թվականի մարտին Ստեփանավանում անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նաև մի շարք գողություններ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից' հավելելով. «2014 թվականի մարտի 16-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, ավազակային հարձակման է ենթակվել անհատ ձեռնարկատեր Բ.Սաքուլյանը. առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ատրճանակով զինված, մուտք են գործել նրա կողմից շահագործվող առևտրի սրահ, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը, փակել բերանը, ապա հափշտակել առևտրի սրահում առկա ոսկյա, արծաթյա զարդերն ու դիմել փախուստի:

 

 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական քննության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացրել են Լոռու մարզի երկու բնակիչ՝ Գ. Բաղդասարյանը և Տ. Յարատովը, ովքեր, նախնական համաձայնությամբ, 2014 թվականի մարտի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, դեմքերը քողարկելով արհեստական մորուքներով ու ակնոցներով, ատրճանակով զինված, մուտք են գործել Բ.Սաքուլյանի կողմից շահագործվող առևտրի սրահ, կյանքի ու առողջության համար վտան գավոր բռնություն գործադրելով՝ կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերն ու ոտքերը, փակել բերանը,ապա հափշտակել առևտրի սրահում առկա ոսկյա, արծաթյա զարդերն ու դիմել փախուստի: Նախնական քննության տվյալներով՝ հափշտակվել է 230 հատ ոսկյա, 30 հատ արծաթյա զարդ։

 

 

Քրեական գործով իրականացված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ ավազակային հարձակմանը մասնակցություն ունեցած անձանցից մեկը Ստեփանավան քաղաքում կատարել է նաև գողություններ, որոնցից երկուսը՝ այլ անձի հետ, որի ինքնությունը ևս պարզվել է։

 

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի բնակիչ Գ.Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

 

 

Տ.Յարատովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, քանի որ նա մեկ այլ քրեական գործով դատապարտվել է ազատազրկման և ներկայումս գտնվում է «Սևան» ՔԿՀ-ում:

 

 

Պ. Ջիլավյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել դատարան:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: