Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը նոր մեղադրանք է առաջադրել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն' հղում անելով «Կոմերսանտ»-ին:

 

Հայրապետյանը մեղադրվում է ցմահ ազատազրկման մեջ գտնվող, Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից շուրջ 700 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ: Քննչական մարմնի տվյալներով' գումարը պետք է ծախսվեր ԶԼՄ-ներում Իզմեստևի գործով դատարանի որոշման վրա ազդելու նպատակով:

 

65-ամյա ձեռնարկատերը 2014 թվականի հուլիսի 15-ին ձերբակալվել է Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից: Հետաքննությունը պնդում է, որ «Բաշնեֆտ»-ի նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը Հայրապետյանի հետ միասին մշակել են Բաշկիրիայի ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման հանցավոր պլան: Իր հերթին, «Սիստեմա» ֆինանսա-արդյունաբերական խումբ ԲԲԸ-ի համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված ունեցվածքի օրինականացումը:

 

Հայրապետյանը ձերբակալվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի խոստովանական ցուցմունքներից հետո, որը ցմահ բանտարկության է դատապարտված մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար: Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանն իբր 2009 թվականին մասնակցել է Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը «Սիստեմա»-ի կառույցներին վաճառելուն:

 

Դրա հետ մեկտեղ Հայրապետյանի նկատմամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ խարդախության մասին, ըստ որի՝ նա Իզմեստևի մորից 700 հազար դոլար է հափշտակել:

 

Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը Հայրապետյանին կալանքի տակ էր դրել, բայց հոկտեմբերի 3-ին նրան փոխադրել էին տնային կալանքի՝ առողջական վիճակի կապակցությամբ: Գործարարը չի ընդունում մեղքը և մերժում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: