ՌԴ քննչական կոմիտեն սփյուռքահայ մեծահարուստ գործարար Լևոն Հայրապետյանին կալանքի տակ վերցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել է Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան: «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռոսբալտ»-ը, նշում է, որ հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին մեղադրում են ֆինանսական խարդախություններ կատարելու մեջ՝ «Բաշնեֆթ»-ը վաճառելու ժամանակ:

 

Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու քրեական հոդվածներով:

 

Գործարարի գրասենյակում նախորդ գիշեր անցկացվել է խուզարկություն որտեղից ՊՄ ատրճանակի փամփուշտի 2 փաթեթ է առգրավել: Բացի այդ, «Ռոսբալտ»-ի աղբյուրներն ասել են, որ գործարարը սպանությունների հետ առնչություն չունի:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանում ապրող և գործունեություն ծավալող մեծահարուստ Լևոն Հայրապետյանին: Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին' «Դոմոդեդովո» օդանավակայանում' Մոնակոյից վերադառնալուց:

 

Հետաքննիչներն ուժեղացված հսկողությամբ գործարարին տեղափոխել են ՌԴ Քննչական կոմիտե' հարցաքննության, որտեղ էլ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:

 

Առաջիկայում քննիչները մտադիր են Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է ցմահ ազատազրկված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

 

Լևոն Հայրապետյանն արցախցի բարերար է ու հայկական Սփյուռքի ամենախոշոր մեծահարուստներից մեկը: