Փաստաբան Լևոն Սահակյանը մի փոքր անլուրջ, բայց և զավեշտալի միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր պաշտպանյալներից մեկի գործի հետ կապված:

Փաստաբանը 2020թ ՀՀ պետական բյուջեի չափով՝ 1 տրիլիոն 697 միլիարդ ՀՀ դրամ գրավի միջնորդություն է ներկայացրել հայտնի գործով անցնող Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնականի եղբոր կալանքը չերկարացնելու համար:

Դատարանը մերժել է այդ միջնորդությունը:

Նշենք, որ Զավեն Գրիգորյանը Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի եղբայրն է: Նրանց մասնակցությամբ, դեռ աշնանը, գրանցվել էր միջադեպ, որի արդյունքում  նրանք զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը  ծանր վնաս պատճառելու  առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել: Միջադեպից օրեր անց մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: 

Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

 

«Երեկվա դատական նիստը նվիրված էր Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգելուն: Այս պահին մեր գլխավոր նպատակը Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը հասնելն է, քանի որ նա ապօրինաբար գտնվում է կալանավայրում՝ անազատության մեջ, ընդ որում՝ բացառությամբ մատնության հետևանքով»,- ասաց փաստաբանը: 

Սահակյանը պատմեց, որ գլխավոր դատախազին ներկայացրել են քրեական հետապնդումը դադարեցնլու և սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն և, գրեթե վստահ է, որ միջնորդությունը բավարարվելու է:

«Եթե հանկարծ չբավարարվեց, մենք պայքարելու ենք, որ Զավենի կալանքի ժամկետը ևս մեկ անգամ չերկարաձգվի: Բացի այդ պայքարելու ենք, որպեսզի հնարավորինս շուտ ավարտվի գործի նախաքննությունը և այն ուղարկվի դատարան, որպեսզի կարողանանք հրապարակել այն անհերքելի ապացույցները, որոնցով փաստվում է, որ դեպքի պահին Զավենը դեպքի վայրում չի գտնվել: Չեմ բացառում, որ գործում կան նաև Զավենին արդարացնող այլ ապացույցներ, որոնք մեզ, դեռևս հայտնի չեն: Բոլոր դեպքերում, մենք լրացուցիչ նոր ապացույցների կարիք այլևս չունենք ու այդ ուղղությամբ այլևս ջանք չենք գործադրելու»,- ընդգծեց փաստաբանը:

Սահակյանի խոսքով՝ իրենք ակնկալում են ողջամիտ ժամկետում արդար դատաքննություն. «Ամեն ինչ պետք է անենք, որ քննությունն ընթանա բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, որպեսզի բացառվի մակերեսային տպավորության ազդեցության տակ՝ մարդկային ճակատագրի որոշումը: Հայաստանը իրավական պետություն է»: