Գյումրիում մի ամբողջ ընտանիքի եղեռնական սպանության գործով իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր մի շարք քննչական, դատավարական գործողություններ կատարելու միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' միջնորդության մեջ նշվում է, որ ըստ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրված մեղադրանքի՝ նա 2015 թվականի հունվարի 12-ին ՝ ժամը 06-ի սահմաններում, մուտք է գործել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն, որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի 1283689 համարի ինքնաձիգից արձակած կրակոցներից տեղում ապանել է նույն տան բնակիչներ Սերյոժա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Աիդա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, որից հետո մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ սվին-դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Սերյոժա Ավետիսյանը հայտնաբերվել է և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, ավաղ, օրեր անց մահացել է:
Ապա վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը, որով սահմանված է, որ «քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները' գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար (...)», Երեմ Սարգսյանը նշում է, որ սույն քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և բացահայտման նպատակով գտնում է, որ նախաքննական մարմինը պարտավոր է գործով ձեռք բերված տվյալների հիման վրա սույն հանցագործության կատարման հետ կապվա ծ բազմաթիվ վարկածներ առաջ քաշել և բազմակողմանի քննություն կատարել՝ դրանցից յուրաքանչյուրը հաստատելու կամ հերքելու նպատակով:
«Նախ՝ հաշվի առնելով սույն քրեական գործի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև՝ դեպքի հանգամանքների և այդ հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ որոշ լրատվական միջոցներով հնչեցված այն կարծիքներն ու հայտարարությունները, որ հնարավոր է այդ հանցագործությունը Վալերի Պերմյակովը չի կատարել՝ անհանգստություն են առաջացրել նաև տուժող կողմի մոտ. հատկապես հաշվի առնելով, որ Վ.Պերմյակովի հագուստները, նրան ամրակցված ինքնաձիգը բացահայտորեն թողնվել են դեպքի վայրում, գտնում եմ, որ քննության առարկա պետք է դարձվի նաև այդ վ արկածը և կատարվեն այն հերքելուն կամ հաստատելուն ուղղված անմիջական գործողություններ:
«Փաստինֆո»-ի հաղորդմամ, բացի այդ, քրեական գործում առկա որոշ տվյալների վերլուծությունը հիմք է տալիս ողջամիտ ենթադրություններ անել, որ հանցագործության կատարմանը Վալերի Պերմյակովի հետ հնարավոր է մասնակից եղած լինի /լինեն/ նաև այլ անձ կամ անձինք, ուստի՝ նախաքննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստուգել նաև հնարավոր այլ անձանց մասնակցությունը կամ առչությունը նշված հանցագործության կատարմանը:
Նույն նկատառումներից ելնելով գտնում եմ, որ նախաքննական մարմինը պարտավոր է բազմակողմանի քննություն կատարել նաև՝ հանցագործության իրական դրդապատճառը, շարժառիթը պարզելու ուղղությամբ, մասնավորապես՝ քննության առարկա դարձնել այն վարկածները, թե՝
-Վ.Պերմյակովն իրո՞ք Ավետիսյանների տուն մտել է՝ ջուր խմելու նպատակով, արդյո՞ք այն պատահական է ընտրվել նրա կողմից և սպանություններն էլ կատարել է՝ չբացահայտվելու վախից ելնելով /ըստ որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունների՝ Վ.Պերմյակովն այդպես է բացատրել իր արարքը/, թե՞ այն նախապես պլանավորված և նախապատրաստված հանցագործություն էր,
-հնարավո՞ր է արդյոք, որ Վ.Պերմյակովն այդ հանցագործությունը կատարել է վրեժի շարժառիթով, ընտանիքի որևէ անդամի հետ նախկինում ունեցած անբարյացակամ վերաբերմունքի հետևանքով /չնայած որ տուժողների իրավահաջորդները բացառում են այդ վարկածը, սակայն գտնում եմ, որ քննության բազմակողմանիությունն ապահովելու նպատակով ստուգման ենթակա է նաև այդ վարկածը/,
-արդյո՞ք այդ հանցագործությունը Վ.Պերմյակովի կողմից ինչ-ինչ նպատակներով չի կատարվել հասարակության շրջանում վախի մթնոլորտ և անկայուն վիճակ ստեղծելու շարժառիթով/նպատակով/»:
Ուստի՝ վերը նշված հանգամանքները պարզելու, բացահայտելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ, 78-80-րդ և 102-րդ հոդվածներով՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը միջնորդում է՝
«1.Պարզել Գյումրի քաղաքում տեղակայված՝ ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարված տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
2. Պարզել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տանից դեպի Բայանդուր գյուղ և Վ.Պերմյակովի հայտնաբերման վայր տանող բոլոր հնարավոր երթուղիները, ապա նաև համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել, թե այդ հատվածներում կա՞ն արդյոք տներ, պետական հիմնարկներ, խանութներ կամ այլ օբյեկտներ, որոնց հարակից տարածնքները հսկվում են տեսախցիկներով: Եթե այդպիսիք առկա են, ապա առգրավել և զննել դրանց համապատասխան տեսագրությունները, իսկ 2015 թվականի հունվարի 11-ի և 12-ի դրությամբ կատարաած տեսագրությունները ջնջված լինելու դեպքում, նշանակել համապատասխան փորձաքննություն՝ փորձագետներին հանձնարերելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված տեսագրությունները:
Դրական արդյունքների դեպքում այս գործողությունները, մասնավորապես, հնարավորություն կտան պարզել Վ.Պերմյակովի՝ ռազմաբազայի թիվ 04436 զորամասից դեպի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն գնալու և այնտեղից հեռանալու իրական երթուղին, ժամերը, նրա հետ հնարավոր այլ անձանց առկայությունը և այլն:
3.Համապատասխան բջջային օպերատորներից ստանալ Վ.Պերմյակովի կողմից նախքան դեպքն օգտագործված բջջային հեռախոսահամարների, ինչպես նաև՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված և հատկապես Վ.Պերմյակովի կողմից դեպքից հետո իր հետ վերցված բոլոր բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները և դրանք սպասարկած ալեհավաքների վերաբերյալ տեղեկությունները դեպքից առնվազն մեկ ամիս առաջվանից մինչև Վ.Պերմյակովի հայտնաբերումը և այդ հեռախոսների առգրավումն ընկած ժամանակահատվածի համար:
4.Վերը նշված հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումներն ստանալուց հետո հարցաքննությունների, քննչական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պարզել Վ.Պերմյակովի ընկերական, հարազատական և այլ կապերը, ինչպես նաև նրանց հնարավոր մասնակցությունը կամ առչությունը նշված հանցագործության կատարմանը: Հատուկ ջանասիրությամբ ուսումնասիրել Վ.Պերմյակովի կողմից Ավետիսյանների տանից վերցված հեռախոսահամարների ելքային և մուտքային հեռախոսազանգերը, որոնք կատա րվել են 2015 թվականի հունվարի 11-ին և 12-ին, հատկապես դեպքից հետո, քանի որ չի բացառվում, որ Վ.Պերմյակովն օգտագործած լինի դրանք:
5. Զննել Վ.Պերմյակովի, ինչպես նաև Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից օգտագործված բջջային հեռախոսները՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում չկան գործի համար նշանակություն ունեցող SMS հաղորդագրություններ: Այդպիսիք չլինելու դեպքում այդ բջջային հեռախոսները տրամադրել փորձագետներին՝ հանձնարարելով հնարավորության դեպքում վերականգնել ջնջված SMS հաղորդագրությունները:
6. Համապատասխան հարցումներ կատարել ՌԴ թիվ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի ղեկավարությանը, պարզելու համար, թե
-Վ.Պերմյակովը որքա՞ն ժամանակը մեկ է նշանակվել մարտական հերթապահության և ե՞րբ, հատկապես, թե մինչև դեպքը ե՞րբ է նախավերջին անգամ հերթապահության եղել,
-նախավերջին և վերջին անգամ ու՞մ հետ է եղել հերթապահության,
-նախկինում նրա կողմից զորամասը լքելու դեպքեր եղե՞լ են, թե՝ ոչ, եթե այո, ապա՝ ե՞րբ, որքա՞ն ժամանակով, պարզվե՞լ է արդյոք, թե ինչ նպատակով է այն լքել և որտե՞ղ է գտնվել այդ ընթացքում,
-ՀՀ-ում զինվորական ծառայության ընթացքում Վ.Պերմյակովը կարճաժամկետ արձակուրդ մեկնե՞լ է, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա ինչի՞ կապակցությամբ /ի՞նչ հիմքով/, ե՞րբ, որքա՞ն ժամանակով և որտե՞ղ է այն անցկացրել, զորամասում ովքե՞ր են նրան տեսակցության եկել և ե՞րբ:
Այս հանգամանքները պարզել նաև օպերատիվ ճանապարհով:
7.Համապատասխան հարցումներ ուղարկել ՌԴ իրավասու մարմիններին՝ պարզելու համար.
-արդյոք Վ.Պերմյակովը զինվորական ծառայությունը Գյումրիում տեղակայված զորամասում իրականացնելու նախաձեռնություն ցուցաբերե՞լ է, թե՝ ոչ,
-նախքան Գյումրիում տեղակայված զորամասում ծառայության անցնելը՝ Վ.Պերմյակովը որևէ արտասահմանյան երկիր մեկնե՞լ է, թե՝ ոչ, եթե մեկնել է, ապա ո՞ր երկիր, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, իսկ հնարավորության դեպքում նաև՝ ի՞նչ նպատակով:
8.Համապատասխան քննչական գործողությունների և օպերատիվ միջոցառումների միջոցով պարզել՝ Վ.Պերմյակովը նախքան զինվորական ծառայությունը ՀՀ եկե՞լ է, թե՝ ոչ: Եթե՝ այո, ապա՝ ե՞րբ, ինչքա՞ն ժամանակով, ի՞նչ նպատակով և հատկապես ու՞մ հետ, այդ ընթացքում որտե՞ղ է գտնվել և ու՞մ հետ է շփվել:
9. Նշանակված համալիր դատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական փորձաքննության շրջանակներում, ի լրումն Ձեր կողմից առաջադրված հարցերին, փորձագետներին առաջադրել նաև հետևյալ հարցը՝
- դեպքի վայրից առգրավված և փորձաքննությանը ներկայացված 1283689 համարի AKC 74 տեսակի ինքնաձիգի վրա խլացուցիչ ամրացնելու հնարավորություն առկա՞ է, թե՝ ոչ, այդ ինքնաձիգի վրա կա՞ն արդյոք հետքեր, որոնք վկայում են դրա վրա խլացուցիչ ամրացնելու և հանելու մասին»,- նշվում է միջնորդության մեջ: