Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված փորձաքննությունների արդյունքում պարզվել են մի շարք կարևոր հանգամանքներ: «Ավետիսյանների իրավահաջորդները մասնակցել են դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններին: Այդ ընթացքում՝ մենք պարզել ենք մեզ համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, սակայն այդ տեղեկությունները նախնական են և միայն վերջնական եզրակացությունը ստանալուց հետո կկարողանանք անդրադառնալ այդ հարցերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում՝այս մասին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:

 

Նա հավելեց, որ ՀՀ քննչական կոմիտեն բավարարել է նաև դեպքի վայրում մի շարք քննչական և դատավարական գործողություններ իրականացնելու իր միջնորդությունը: «Ինձ արդեն տեղեկացրել են, որ մի շարք ուսումնասիրություններ արդեն կատարվել են, մի մասն էլ' կատարման փուլում են»,- ընդգծեց Երեմ Սարգսյանը' նշելով, որ վերը նշված ուսումնասիրությունների վերջնական արդյունքների մասին տեղեկություններ տրամադրելու մասով միջնորդության քննարկումը հետաձգվել է, քանի որ քրեական գործի քննության այս փուլում իրենք չունեն նման իրավասություն: «Մենք քրեական գործի քննության այս փուլում որևէ արդյունք իմանալու իրավունք չունենք, միայն կոնկրետ գործողություն իրականացնելու միջնորդություն կարող ենք ներկայացնել»,- պարզաբանեց նա:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև՝ յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: