«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Նեմցովի սպանության համար կասկածվող Դադաևը հրաժարվել է մեղքն ընդունելուց. ԶԼՄ-ներ

 

 

 

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար կասկածվող Զաուր Դադաևը հրաժարվել է խոստովանական ցուցմունքից և հայտարարել է իր անմեղության մասին, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

 

 

Դա տեղի է ունեցել Հասարակական դիտորդական հանձնաժողովի՝ Լեֆորտովոյի բանտ կատարած այցի ընթացքում, որը վերահսկում է մարդու իրավունքներն ազատազրկման վայրերում:

«Ես մտածեցի, որ հենց Մոսկվա կբերեն, ես կպատմեմ ողջ ճշմարտությունը դատարանում, այն, որ ես անմեղ եմ: Սակայն դատավորը թույլ չտվեց նույնիսկ մեկ բառ ասել»,- ասել է Դադաևը:

 

 

Նա պատմել է նաև, որ իրեն և այդ գործով մյուս կասկածյալներին ձերբակալելուց հետո ծեծի ու կտտանքների են ենթարկել և պահանջել են խոստովանել քաղաքական գործչի սպանությունը:

Ավելի վաղ, հաղորդվում էր, որ Զաուր Դադաևը միակն է հինգ կալանավորներից, ով ընդունել է իր մեղքը:

 

 

 

***

 

 

 

Նախագահը ներկա է գտնվել «Երևան մոլ»-ում «Քարֆուր»-ի բացմանը 

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր' մարտի 11-ին, ներկա է գտնվել «Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետի պաշտոնական բացման արարողությանը:

 

 

Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուր»-ի և «Երևան մոլ»-ի միջև ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ՝ Ֆրանսիայի Նախագահի Հայաստան պետական այցի շրջանակներում:

 

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալի կողմից այսօր' հիպերմարկետի բացումից հետո, Հանրապետության Նախագահը և բացման կապակցությամբ հրավիրված հյուրերը շրջել են «Քարֆուր»-ի տարածքում, ծանոթացել առաջարկվող ապրանքատեսականուն, գնային քաղաքականությանը, ծառայությունների որակին:

 

 

 

***

 

 

 

Դանակահարություն' Մանկավարժական համալսարանի մոտ

 

 

 

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 10-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նրա ընկերոջ' 1994 թ. ծնված Արտակ Ա.-ի պատմածով՝ Արթուր Ա.-ն դանակահարվել է Երևանի Խանջյան փողոցում՝ ԵՊՄՀ մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անհայտ անձի կողմից:

 

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Արտակ Թ.-ին, 1999 թ. ծնված Մհեր Ա.-ին, 1997 թ. ծնված Արտյոմ Ե.-ին, 1994 թ. ծնված Արտակ Ա.-ին, 1996 թ. ծնված Նարեկ Բ.-ին, 1996 թ. ծնված Վահե Ա.-ին և 1998 թ. ծնված Դավիթ Գ.-ին:

 

 

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, Չայկովսկու փողոցի թիվ 15 հասցեի մոտ նրանք վիճաբանել և հարվածել են իրար, իսկ Արթուր Ա.-ին դանակով հարվածել է Դավիթ Գ.-ն:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

 

 

 

***

 

 

 

Արմավիրում 11-ամյա աղջնակ է ինքնասպան եղել

 

 

 

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպանություն է գործել անչափահաս աղջիկ:

 

 

 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անչափահասը 11-ամյա աղջնակ է, ազգությամբ եզդի, ով ինքնասպան է եղել իրեն կախելու միջոցով: Կայքի հետ զրույցում Այգեշատ համայնքի ղեկավար Արամայիս Մխիթարյանը հայտնեց, որ ինքը քիչ առաջ է իմացել կատարվածի մասին և շտապում է դեպքի վայր: Գյուղապետի խոսքով՝ աղջնակի ընտանիքը սոցիալապես վատ պայմաններում է ապրում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

 

 

 

 

***

 

 

 

 

 

Որպես քաղաքապետարանի աշխատակից ներկայացած անձը 7 միլիոնից ավելի արժողությամբ հնաոճ իր է գողացել

 

 

 

 

Ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բնակչուհի Հ.-ն և հայտնել, որ փետրվարի 25-ին իր բնակարան է այցելել մի տղամարդ, ներկայացել որպես թաղապետարանի աշխատակից: Նրա հեռանալուց հետո կինը հայտնաբերել է, որ բնակարանից անհետացել է մեծ արժեք ներկայացնող հնաոճ շաքարամանը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրա տվության վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 10-ին պարզվել է, որ 1979թ. ծնված Գագիկ Ա.-ն փետրվարի 25-ին նշված բնակարանից հափշտակել է 7 միլիոն 180.000 դրամ արժողությամբ շաքարամանը: Գագիկ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն:

 

 

 

***

 

 

 

 

Գյումրիի միջադեպի գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը

 

 

 

2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը։

 

 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը' տեղեկացնում ենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մարտի 10-ին որոշում է կայացվել՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Գրիգորյան եղբայրներին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

 

 

Ա.Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, իսկ Գ.Գրիգորյանը՝ ապօրինի ձեռք բերած և կրած հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։

 

 

Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկում՝ հետախուզվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

 

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցում մարտի 7-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ։

Մարտի 8-ին Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ' երկու և ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար' ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

Մարտի 11-ին վարույթն իրականացնող մարմինը բժշկական կենտրոնից տեղեկացվել է, որ նշված միջադեպի հետևանքով բաց, թափանցող, կոտորակային, օտար մարմին գանգի խոռոչում, գանգի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ, ներգանգային հեմատոմաներ, ուղեղային հեմատոմաներ ախտորոշմամբ բժշկական կենտրոն տեղափոխված Կնյազ Սմբատի Ղազարյանը մահացել է։

 

 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։

 

 

 

***

 

 

 

 

Մեկնարկել է «100 կյանք» նախաձեռնությունը. «Ես ուզում եմ, որ իմ որդին հպարտ լինի, որ հայ է». Ռուբեն Վարդանյան

 

 

 

Մարտի 10-ին Նյու Յորքում ազդարարվեց նոր նախաձեռնության՝ «100 կյանք»-ի (100 Lives) մեկնարկի և մարդասիրական նոր` «Ավրորա» միջազգային մրցանակի (Aurora International Humanitarian Prize) հիմնման մասին: Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերով բազմաթիվ հայերի են փրկել Հայոց ցեղասպանությունից:

 

 

 

«100 կյանք»-ը համաշխարհային նախաձեռնություն է, որը կոչված է արտահայտելու երախտագիտություն, կիսելու փրկության հիշարժան պատմություններ և ոգեկոչելու մարդկային կամքի ուժը։ 

 

«100 կյանք»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

 

 

 

«Ես ուզում եմ, որ իմ որդին հպարտ լինի, որ հայ է»,- «100 կյանք» նախաձեռնության շնորհանդեսի ժամանակ ասել է Ռուբեն Վարդանյանը:

 

Նախաձեռնության շնորհանդեսին մասնակցել են աշխարհահռչակ անձինք:

 

 

 

Նշենք նաև, որ գործարկվել է նախաձեռնության կայքը՝ www.100lives.com, որտեղ կարելի է հետևել հետաքրքիր պատմությունների: