«Mediamall.am» լրատվականը ամփոփում է օրը.
Կյանք արժեցող սելֆին. Ռումինիայում աղջիկը ողջ-ողջ այրվել է՝ «կատարյալ լուսանկար» ստանալու պատճառով
Ռումինիայում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել՝ պայմանավորված տպավորիչ սելֆի անելու մտադրությամբ: 18-ամյա Աննա Ուրսուն ընկերուհու հետ միասին բարձրացել է գնացքի տանիքի վրա՝ «կատարյալ լուսանկար» ստանալու համար: Ցավոք, վեր բարձրանալով, նա ոտքով դիպչել է լարին, ինչի հետևանքով 27 հազար վոլտ լարման հարված է ստացել և մահացել, հաղորդում է Mirror-ը:
Աննայի ընկերուհին, ում անունը չի նշվում, պայթյունի հետևանքով գետնին է ընկել գնացքի տանիքից:
Անցորդներից մեկը, վտանգելով իր սեփական կյանքը, փորձել է մարել ռումինուհու հագուստին բռնկված կրակը, սակայն դա չի օգնել: Սելֆիի սիրահար աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց մարմնի ավելի քան 50% այրվածքներով և շուտով մահացել է: Նրա ընկերուհին նույնպես այրվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում' մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-20-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին' հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 16-ին էապես չի փոխվի, 17-19-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում՝ մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-20-ին' երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ:
Մաշտոցի պողոտայի տներից մեկում տարեց բնակչի դի է հայտնաբերվել
Մայիսի 14-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Կ. Թ.-ի (ծնվ.1936թ.) դին:
Մինսկի խումբը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը քննարկել է իտալացիների հետ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնահարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկումներ է անցկացրել Մինսկի խմբի անդամ Իտալիայի ներկայացուցիչների հետ:
Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այսօր խորհրդակցություններ են տեղի ունեցել իտալացիների հետ: Մինսկի խմբի անդամ բոլոր երկրներն աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը»,- գրել է ամերիկացի համանախագահը: