Երևան քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ մուտքի մետաղյա դռան հետնամասում 2015 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, հայտնաբերվել է Վազգեն Դալլաքյանի դիակը՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած- ծակած վերքերով:
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ փաստի առթիվ 2015 թվականի հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննության շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու, գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ոստիկանության Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին հունվարի 19-ին՝ ժամը 00.05-ին, հայտնել է, որ Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 18-ին՝ ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի շենքերից մեկի 3- րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճաբանության ժամանա կ, 1988թ. ծնված Գագիկ Ա.-ն դանակով հարվածել է 1987թ. ծնված Արման Ա.-ի ձեռքին՝ պատճառելով վնասվածք և 1988թ . ծնված Վազգեն Դալլաքյանի կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, Գագիկ Ա.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: