Եկե՛ք անկեղծ լինենք, բոլորիս էլ այս վերջին մի քանի շաբաթը շարունակ հուզում էր մեկ հարց' ո՞րն էր, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից երկրում աննախադեպ մասշտաբների հասնող կոռուպցիայի, մենաշնորհների ու պետական միջոցների վատնումների դեմ հայտարարած պատերազմի բուն շարժառիթն ու նախապատճառը:

 

Որքան էլ կարող է ռոմանտիկ թվալ՝ քիչ թիվ չէին կազմում հնչող այն կարծիքները, թե ամենաթողության դեմ Հովիկ Աբրահամյանի կողմից հայտարարած պատերզամի ներշնչման հիմնական աղբյուրը նրա մեջ հանկարծակի արթնացած հայրենասիրական զգացմունքներն էին' պայմնավորված հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմով. կառավարությունը հասկացել էր, որ նման տեմպերով շարունակելու դեպքում մենք անխուսափելիորեն հայտնվելու ենք անդունդի շեմին, որից փրկություն չի լինելու այլևս:

 

Պարզվում է, սակայն, որ ամեն բան այնքան էլ այդպես չէ, իսկ մենաշնորհների դեմ կեղծ պայքարի պատճառն էլ եղել է ոչ թե վերոհիշյալ հայրենասիրությունը, այլ' միջազգային ֆինասական կառույցները: Հայտնի է, որ մեր երկիրն, առանց համաշխարհային ֆինանսական կառույցներից վարկեր ու պարքեր վերցնելու, կարող է գոյատևել ընդամենը մի քանի օր. մեր ֆինանսկան վիճակն այնպիսին է, որ մեզ պարզապես թույլ չի տալիս «աչք թարթել» ու պարտքեր կուտակելու փոխարեն մի փոքր էլ մտածել նախկինում վերցրած վարկերը փակելու, արտաքին ֆինանսական բեռից ազատվելու մասին:


Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ-ն պարտք փակելու համար ստիպված է նոր պարտքեր կուտակել ու փորձել դրանց մի մասով սպասարկել նախկինում վերցրած վարկերը, մեկ այլ մասով էլ տնտեսությունը մի կերպ «յոլլա տանել». ժամանակակից Հայաստանի գերխնդիներից մեկն արտաքին պարտքն է, որը, որքան էլ ոմանք հավաստիացնեն, թե հեռու է վտանգավոր շեմից, մեզ պարզապես խեղդում է' թույլ չտալով տնտեսության վերակենդանցման ուղությամբ գոնե 5 րոպե մտածել: Ավելին' բանից պարզվում է' մեր երկիրը հայտնվել է այնպիսի ֆինանսական իրավիճակում, երբ նույն այդ համաշխարհային ֆինանսական կառույցներն այլևս հրաժարվում են պարտքով փող տրամադրել' մեզ պարտադրելով գնալ ներքին բարեփոխումների ու մեկընդմիշտ հասկանալ, որ պարտքով երկար չես կարող գոյատևել. հարկավոր է կենտրոնացնել ուժերն ու երկրի ներքին ռեսուրսների հաշվին փող հայթայթել, ինչին էլ, ըստ էության, իբր միտված էր երկրում հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարը:

 

Հայտնի է նաև, որ բյուջե լցնելու մեկ այլ ճանապարհ ևս կա. հարկերի ավելացումն ու նոր հարկատեսակների սահմանումն է: Ինչպես երևում է, կառավարությունում որոշել են այլևս կեղծավորությամբ չզբաղվել ու անիմաստ տեղը սրա նրա «ունքերից կախվելու» փոխարեն (մենաշնորհի դեմ պայքարը կառավարաությունում հենց նման կերպ են ընկալում) գնալ հենց այս ճանապարհով, ու խորհրդարանում շուտով պատրաստվում են քննարկել նոր Հարկային օրենսգրքի նախագիծը, որը, ինչպես պարզվոմ է, բավական լուրջ խութեր է պարունակում իր մեջ. դրանով նախատեսվում է հարկային բեռի ավելացում: Թե ինչով կարող է հղի լինել բիզնեսի համար հարկային բեռի ավելացումը, պարզ է ամենքին. Հայաստանը դառնալու է անապատ' գործարարությամբ զբաղվողների համար:

 

Փաստացի չունենալով ներքին շուկա, չունենալով գնողունակ բնակչություն' Հայաստանը դատապարտվելու է տնտեսկան ամայացման, քանի որ պարզից էլ պարզ է' նոր Հարկային օրենսգրքի ընդունման դեպքում ոչ միայն այստեղ նոր գործ սկսելն է գրեթե անհնարին դառնալու, այլև եղածներն են հայտնվելու հարվածի տակ, որն էլ, իր հերթին, բերելու է եղած բիզնեսների փակմանը: Մարդիկ, պարզապես, կվաճառեն իրենց եղած-չեղածն ու կհեռանան այստեղից. տեղի կունենա գործարարների արտագաղթ' դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ:
Այնպես որ, ինչպես արդեն իսկ պարզ է, Հայաստանում իրական բարեփոխումները մեր իրականությունից նույնքան հեռու են, որքան ասենք Սիրիուս մոլորակը' Երկրից. Հայրենասիրությունն այստեղ ոչ մի կապ չունի, իսկ իրական ու վիրտուալ պատերազմների բուն պատճառը, ինչպես միշտ, փողի պակասությունից է լինում. այդպես է և հայրենի կառավարության դեպքում…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ