Հունիսի 10-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը փլուզվել է, քաղաքացին ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ժամը 00.05-ի սահմաններում «Իջևանի բետոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի մոտակայքում գտնվող «Քարավարտ» ՍՊԸ ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի կողային (50սմ x մոտ 50մ) և դիմային (1մ x մոտ 8մ) պատվարները փլուզվել են, ինչի հետևանքով «Քարավարտ» ՍՊԸ-ի աշխատակից Վ. Գ.-ն (1969թ. ծնված) աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստև գետը:
Մինչ ժամը 02.43-ը փրկարարներն Աղստև գետի երկայնքով (դեպի Ազատամուտ գյուղ) մոտ 600 մետր իրականացրել են որոնողական աշխատանքներ, որը մթության պատճառով դադարեցվել է:
Ժամը 07.33-ի դրությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, որին մասնակցում է Դիտավան գյուղի 20 բնակիչ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: