Բազմաթիվ պատգամավորներ, նախարարությունների ներկայացուցիչներ եւ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ օգնեցին կազմակերպել ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայող Արման Լազգիյանի՝ Գերմանիայում բուժումը, բայց նրանք դա արեցին որպես անհատներ: Պետությունից նույնիսկ 10 դրամ չհատկացվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը:

 

Նրա խոսքով, Արմանի փաստաթղթերը կազմելու հարցում իրեն օգնեցին ե՛ւ Ազգային ժողովի պատգամավորները, ե՛ւ Պաշտպանության ու Առողջապահության նախարարությունների աշխատակիցները: Բոլորն էլ օգտագործեցին իրենց անձնական կապերն ու հնարավորությունները, արեցին այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում էր: Շատերը նաեւ ֆինանսապես աջակցեցին:

 

Ստացվում է, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք առանձնաբար հոգ է տանում զինվորների մասին, ցանկանում է օգնել նրանց, բայց համակարգ, որը կարող էր այդ ամենը կազմակերպել, զինվորի հոր խոսքով, դեռեւս չկա:

 

Միքայել Լազգիյանը մի քանի անգամ տարբեր մարդկանցից լսել է, իբր պետությունն իր վրա է վերցրել Արմանի բուժումը, բայց մարդիկ պարզապես ապատեղեկացված են եղել: Նա նաեւ լսել է, իբր ինչ-որ հիմնադրամներ են իրենց օգնել, բայց իրականում միակ հիմնադրամը, որն Արմանի բուժման համար գումար է փոխանցել, այն էլ՝ Անահիտ Բախշյանի միջամտությամբ, «Մարտիկ» հիմնադրամն է: Բացի այդ, Լազգիյաններին օգնել են մի քանի բարեգործական կազմակերպություններ:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: