Առողջապահության նախարարությունը վերարտադրողական առողջության բարելավման նպատակով Հայաստանում անպտղություն ունեցող զույգերի հետազոտման, նաև արտամարմնային բեղմնավորման համար 210 մլն դրամ է հատկացնելու: Հունվարի 23-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նման ծրագիր ժամանակին եղել է, սակայն ոչ արդյունավետ է  գործել: Նախարարությունը 210 մլն դրամ է նախատեսել «Անպտղություն ունեցող  զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայությունների» ծրագրի համար: Մենք այս շաբաթ արդեն հանդիպումներ ունենք ` հասկանալու, թե այդ գումարն ինչպես ենք ծախսելու»,-ասաց նախարարը:

Թորոսյանը նշեց նաև, որ  հակված են այդ գումարն ուղղել անպտղության պատճառները պարզելուն, մի մասն էլ` հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը: Նախարարը շեշտեց, որ փորձը ցույց է տալիս` ավելի արդյունավետ է պարզել պատճառը, քան տասնյակ զույգերի համար բեղմնավորում անել: