Առողջապահության նախարարությունը դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դեղերի շուկայում ուսումնասիրություն կատարելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: Սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված դեղատներում արձանագրվել է որոշ դեղերի գների բարձրացում: Լրագրողների այս դիտարկմանը Վահան Պողոսյանը նշեց,որ այդ հարցով զբաղվում են:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն կկատարի, որպեսզի որոշ գործարարներ չփորձեն իրենց ապրանքը դեղատներում թանկացնել: Ինչ վերաբերում է թանկացումների վերաբերյալ դիտարկումներին, ապա դրա վերլուծությունը դեռևս չկա, բայց ասել, որ Տամիֆլուն 6 հազար դրամից դարձել է 20 հազար դրամ, ճիշտ չէ: Դա այս 10 կամ 15 օրվա ընթացքում արձանագրված թանկացում չէ: Դա մի քանի տարվա ընթացքում գրանցված գնաճ է»,-ասաց Վահան Պողոսյանը:
Լրագրողները խնդրեցին փոխնախարարին պարզաբանել հիվանդանոցների հագեցված լինելը, երբ հիվանդներին չեն կարողանում ընդունել:
«Մանկական ծառայության հետ կապված, ես չեմ կարծում, որ խնդիր կա: Նման բան չի կարող լինել: Մենք բոլոր հիվանդանոցներին հանձնարարել ենք բոլոր տիպի հիվանդներին ընդունել: Եթե մեկ հիվանդանոց ում տեղ չկա, ապա կարող են դիմել այլ բժշկական հաստատություններ: Եթե հիմա շրջենք հիվանդանոցներով, ապա կտեսնենք, որ կան հիվանդանոցներ, որոնք ազատ են»-ավելացրեց փոխնախարարը:
Անդրադառնալով երկարաձգված արձակուրդներին՝ փոխնախարարը նշեց, որ ոչ աշխատանքային օրերից հետո նախարարի միջնորդությամբ մանկապարտեզներում և դպրոցներում դասերը հետաձգվել են: Նրա խոսքով, մինչև սահմանված ժամկետը՝ հունվարի 18-ը, դեռ ժամանակ կա, եթե անհրաժեշտություն լինի, բնականաբար, կրկին կդիմեն արձակուրդի ժամկետը երկարաձգելու համար:
Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ խուճապ մատնվելու կարիք չկա: Իրավիճակը մասնագետների վերահսկողության տակ է: «ՀՀ-ում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա, կա սուր շնչառական վիրուսների տարածման մակարդակի բարձրացում: Մեր կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի հիվանդությունների տարածումը կանխվի, չգրանցվի զարգացում, չլինի բռնկում ու համաճարակ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համաճարակ չկա, բայց զգոնության կարիք կա»,-ասաց փոխնախարարը: Վահան Պողոսյանը նշեց, որ ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել և դեղատներից ինքնուրույն Տամիֆլու ձեռքբերելու անհրաժեշտություն չկա: Այս դեղամիջոցը նշանակվում է բժշկի կողմից, իսկ հիվանդանոցները ներկայում ապահովված են տվյալ դեղատեսակով: