Սևանա լճում սիգի պաշարը 3 հազար տոննա է, որից 740 տոննան՝ արդյունագործական նպատակով կարելի է օգտագործել, այսինքն՝ որսալ։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
Նա նշեց, որ պետք է տարբերել պաշարները, քանի որ կարծում են, որ ողջ պաշարը կարելի է օգտագործել, սակայն ոչ, բացի 740 տոննայից, որոնք հասուն ձկներ են՝ մնացածը մանրաձուկ է։
Ըստ Բարդուղ Գաբրիելյանի՝ սովորաբար սիգի որսի թույլտվություն տալիս են այն ժամանակ, երբ արդյունագործական պաշարները հասնում են 1000 տոննայի և հետագայում էլ, եթե որսի թույլտվություն լինի, պետք է տեղյակ լինեն, թե որքան են սիգի արդյունագործական պաշարները։
Բնապահպանության նախարարությունն այս տարի սիգի պաշարների հաշվարկի համար գումար չի տրամադրել, որը տենդերի միջոցով շահում էր Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, քանի որ, ինչպես վստահեցնում է կենտրոնի տնօրենը, բացի իրենց կենտրոնից որևէ այլ կառույց չի կարող նման հաշվարկ անել, և հաշվարկի համար գումար չտրամադրելը խնդիր է առաջանցում։
«Մոնիտորինգի բազմամյա շարքը կտրվում է, և եթե մոնիտորինգ չենք անելու՝ մենք սիգի պաշարների տվյալը չենք ունենալու, մյուս տարի եթե նույնիսկ հաշվենք՝ հնարավոր է սխալ լինի, քանի որ ավելի կարևորը ոչ թե բացարձակ արժեքն է, այլ ձկնապաշարի շարժն արձանագրելը՝ այն շատացմա՞ն, թե՞ բացասական միտում ունի»,– ասաց Բարդուղ Գաբրեիլյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ սովորաբար տրամադրվում էր 7,5 մլն դրամ, կենտրոնին հասնում էր մոտ 6,8 մլն դրամը, որը բավարար չէր ձկնային պաշարների հաշվարկի համար, կենտրոնն օգտագործում էր տնտեսած գումարները, նաև լրացուցիչ դիտարկում էին գետերի վիճակը և խեցգետնի պաշարները։
Ինչ վերաբերում է ձկնագողությանը, ապա Բ. Գաբրիելյանը նշեց, որ ինչպես կար վատ վիճակը, այնպես էլ մնացել է. որսում են թե մանրաձուկ, թե հասուն ձուկ և հատկապես ձվադրման և մանր ձկան կուտակումների շրջանում։
«Ձուկ որսացողները արդեն գիտեն ձկների կուտակումների տեղերը և ժամանակը, հենց այդ ժամանակ էլ որսում են»,- ասաց նա։