ԱՄՆ Առողջապահության և հանրային ծառայությունների դեպարտամենտի սննդամթերքի և դեղորայքի վարչությունն արգելել է հայկական երկու ընկերությունների պանրի ներկրումը: Արգելանքն ուժի մեջ է սեպտեմբերի 13-ից: Արգելվել է «Գրանդ Քենդիի» մարմելադների ներկրումը: Արգելքը հիմնավորվում է այդ արտադրատեսակներում հարուցիչների առկայությամբ:
Հետաքրքիր տեղեկատվություն Է: Իհարկե, ազնիվ ամերիկացիները հայտնաբերել են հարուցիչներ և արգելել են իրենց քաղաքացիներին՝ օգտագործելու այդ սննդամթերքները: Պարզապես այդ հարուցիչները, չգիտես ինչու, սննդի մեջ են հայտնվել Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուց հետո: Չար, ամբարտավան հարուցիչներ, ինչու՞ եք մթերքների մեջ ներխուժում ՀՀ արտաքին քաղաքական վերադասավորումներից հետո:
Եթե ավելի լուրջ, ապա սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են: Անշուշտ, Արևմուտքը չի հանդուրժի քառամյա սիրախաղերից հետո այսպիսի կտրուկ բաժանումը, և մեր տնտեսությունն, անշուշտ, աստիճանաբար կսկսի զգալ այդ «սիրո» պակասը: Այբբենարանին մակերեսային ծանոթ մեկն անգամ կհասկանար, որ նմանատիպ քաղաքական որոշումից հետո մեր տնտեսության արևմտյան երակը սկսելու է խցանվել, և այդ «տրոմբը» լուրջ ազդեցություն է ունենալու մեր տնտեսության առողջական վիճակի վրա: Ինչ պետք է արվեր այդ դեպքում:
Ցանկացած ինքնիշխան պետություն, նմանատիպ գործընթացից առաջ, իր գործարարների սեղանին է դնում համապարփակ վերլուծություն այն մասին, թե պետության առաջնորդների նմանատիպ որոշումը ինչպիսի ռիսկեր է պարունակում: Այդ ռիսկերի չեզոքացման համար երկրի ղեկավարները իրենց գործարարներին առաջարկում են այլընտրանք, ասենք՝ ներկայացնում են ռուսական շուկայում ընդլայնվելու և ստացվելիք վնասները չեզոքացնելու հնարավորությունները: Բացի դեկլարատիվ հայտարարություններից՝ որևէ ռեալ քայլ Ռուսաստանն արե՞լ է այդ ուղղությամբ՝ իհարկե ո՛չ: Որևէ պաշտոնական հայտարարություն արվե՞լ է, որ նախքան Մաքսային միությանն ամբողջական ինտեգրումը՝ Հայաստանը ռուսաստանյան շուկաներում իր ներկայությունն ավելացնելու շանսեր է ստանում՝ կրկին ոչ:
Ինքնին հասկանալի է, որ սննդամթերքների արտահանման դեմ արևմտյան երկրների կողմից հնարավոր կիրառվելիք քայլերի դեպքում մեր տնտեսությունը անդառնալի հարվածներ կստանա: Պետությունը այս դեպքում պետք է կատարի ուղղակի վիրահատական միջամտություն՝ կանխելու համար մի քանի կայուն տնտեսվարող սուբյեկտների ոչնչացումը:
Չնայած մեր դեպքում պետություն բառը մի քիչ ճոխ է ասված...
Վարուժան Բաբաջանյան