Գերմանիայի Բունդեսթագի անդամ, «Կանաչներ» կուսակցության համանախագահ, թուրքական արմատներով Ջեմ Օզդեմիրը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որը հայտարարել էր Օզդեմիրի արյունը «լաբորատոր պայմաններում ստուգելու» անհրաժեշտության մասին:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Բունդեսթագին ներկայացրած Օզդեմիրը հայտարարել է, որ արյան թեստ է անցել, և պարզվել է, որ աշխարհի քաղաքացի է: Օզդեմիրն ափսոսանք է հայտնել, որ 21-րդ դարում դեռ կան նման վարքով` պետության ղեկավարներ, և կարծիք է հայտնել, որ, քանի դեռ նախագահում է Ռեջեփ Էրդողանը, Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ:
Օզդեմիրն ընդգծել է, որ իրենք առարկում են Թուրքիայում իթթիհատականների հերոսացմանը՝ հավելելով, որ Օսմանյան կայսրությունում գտնվել են բարեխիղճ նահանգապետեր ու մուսուլմաններ, որոնք փրկել են հայերին:
Խոսելով իրենց հասցեագրված սպառնալիքների մասին՝ Օզդեմիրը հայտարարել է, որ երկու անգամ է, որ իրեն թիկնապահներ են տրամադրվել, և երկու դեպքում էլ դա եղել է թուրքերի պատճառով:
Նա ընդգծել է, որ առաջին դեպքը գրանցվել է 1994 թվականից հետո, երբ առաջին անգամ ընտրվել է պատգամավոր, իսկ երկրորդ դեպքը՝ ներկայումս, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո: