Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը խոստովանել է, որ եթե երկիրը հրաժարվեր «Ֆորմուլա-1» խաղերը Բաքվում անցկացնելու մասին նախօրոք ձեռք բերված համաձայնությունից, ապա պետք է 100 մլն դոլար տուգանք վճարեր:
Այս մասին ադրբեջանցի նախարարը խոստովանել է ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ավտոմոբիլային մրցարշավի անցկացման մասին պայմանագիրը կնքվել է 10 տարի ժամկետով: Ընդ որում, եթե մենք առաջին հինգ տարում հրաժարվենք «Ֆորմուլա-1»-ից, ապա պարտավոր կլինենք մոտ 100 մլն դոլար տուգանք վճարել»,- ասել է Ազադ Ռահիմովը:
Ենթադրվում է, որ հենց դա է եղել պատճառը, որ նավթի եւ մանաթի խիստ էժանացման պատճառով տնտեսական խորը ճգնաժամում հայտնված Ադրբեջանն, այնուամենայնիվ, չի հրաժարվել «Ֆորմուլա-1»-ից:
Նրա խոսքով' մինչև օրս Բաքվում մրցարշավի երթուղում ասֆալտի ծածկույթը փոխելու վրա Ադրբեջանն արդեն 12 մլն դոլար է ծախսել:
«Ֆորմուլա-1»-ն անցկացնող ընկերության բյուջեն չի անցնի 100 մլն մանաթից (մոտ 55 մլն դոլար)»,- ասել է Ազադ Ռահիմովը:
«Ֆորմուլա-1» մրցումները Բաքվում պետք է սկսվեն հունիսի 18-ին:
Ադրբեջանական եւ միջազգային ԶԼՄ-ների համաձայն' «Ֆորմուլա-1»-ը Բաքվում անցկացնելու համար Ադրբեջանը միջազգային կառույցին 50 մլն դոլար է վճարել, իսկ խաղերի անցկացման վրա ընդհանուր ծախսերը կազմել են 150 մլն դոլար:
Ադրբեջանի կոռումպացված իշխանությունները գտնում են, որ «Եվրատեսիլ», «Եվրոպայի խաղեր», «Ֆորմուլա» միջազգային միջոցառումներ կազմակերպելով՝ կարող են բարձրացնել իրենց հեղինակությունն ու վարկանիշը: