Շիրակի մարզի Ամասիա համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Աղասի Ամիրյանը համայնքների խոշորացման ծրագիրը այս պահին անհրաժեշտ չի համարում։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում համայնքապետն ասաց, որ իմաստ չի տեսնում համայնքների խոշորացման։
«Այսպես ասեմ՝ ճիշտ կլիներ, որ ես իմ համայնքով լինեի, ավելի հեշտ կլիներ։ Հիմա դժվար է լինելու։ Գյուղերը, որոնք միացրել են, զարգացած գյուղեր չեն, պրոբլեմային գյուղեր են, հեշտ չի լինի։ Բայց Կառավարությունն արդեն քննարկել է, որոշում է կայացրել Ազգային ժողովը….»,- ասաց Աղասի Ամիրյանը։
Շիրակի մարզում 4 փունջ է ձևավորվելու՝ Ամասիա, Աշոցք, Սարապատ և Արփի։ Ամասիա փնջի մեջ լինելու է 9 համայնք, այսինքն՝ ևս 8 համայնք միանալու է Ամասիային։ Համայնքապետի խոսքով՝ իրենց միացող համայնքերում ևս հիմնականում չեն ընդունում խոշորացման ծրագիրը. «Իրենք էլ չեն ուզում։ Ճիշտ է՝ չեն ասում, բայց հիմնականում չեն ուզում։ Մանավանդ համայնքի ղեկավարները»։
Ամիրյանի խոսքով՝ ֆինանսական կառավարման տեսանկյունից որևէ դժվարություն չի լինի, Կառավարությունը խոստացել է օգնել, օժանդակել, համայնքների բնակիչները ոչ մի բանով չեն տուժի։«Այս պահին չեմ կարող ասել, մեխանիզմն այնպիսին է, որ մենք էլ դեռ չենք պատկերացնում։ Ամեն համայնք հազար խնդիր ունի, ճանապարհի խնդիր ունի, լուսավորության խնդիր ունի։ Սաղ խնդիրներ են։ Այսօր Ամասիան արդեն կայացած համայնք է, վերջին 5 տարում մեծ աշխատանքներ են կատարվել։ Դժվարը մնացած համայնքներն են։ Իրենց ասելով՝ օժանդակություն կտան, օգնություն կլինի, ներդրումներ կկատարվեն՝ թե պետբյուջեով, թե դրսից…»,- մանրամասնեց Աղասի Ամիրյանը։
Շիրակի մարզի Աշոցքի անկուսակցական համայնքապետ Արթուր Ալոյանն էլ դժվարացավ ասել՝ ինչ կլինի համայնքների խոշորացումից հետո։ Համայնքապետի խոսքով, տեղ կա` խոշորացման անհրաժեշտություն կա, իսկ տեղ կա՝ ոչ։ «Նայած, թե որ տեսանկյունից նայենք»,- ասաց նա։
Ալոյանի փոխանցմամբ՝ Աշոցքին 10 գյուղ է միանալու։ «Ես պատկերացնում եմ, որ ավելի լավ կլուծեմ այդ խնդիրները, քան էս վիճակով։ Կարելի է որոշ բաներ փոխել և խնդիրները լուծել»,- հավելեց Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովն այցելել էր Գյումրի և քննարկել համայնքների խոշորացման ծրագիրը։ Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մարզպետներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներ:
Քրիստինա Աղալարյան