«Կյանքում չէի հավատա, ամեն ինչին պատրաստ էի՝ սոված ապրել, վատ ապրել, դժվար ապրել, բայց սա... Էդքան խելոք, համեստ, լավ, չափված-ձևված երեխա, որ ես ունեի... կյանքում էդ վտանգը չէի սպասի։ 6-րդ դասարանից ավտոն տվել եմ իրեն, դպրոց ա գնացել, եկել, մի անգամ մեկը չի եկել ասել, որ Ռոբս անկարգություն ա արել, արագ ա քշել փողոցում կամ մի լպիրշ բան ա խոսել, մեկին վիրավորել ա»,- արցունքները մի կերպ զսպելով պատմում է Արցախում ապրիլին զոհված կապուտաչյա գեղեցկադեմ տղայի՝ Ռոբերտ Աբրահամյանի հայրը՝ Աբրահամ Աբրահամյանը։
Ռոբերտ Աբրահամյանն ընդամենը մի քանի օր էր, ինչ ծառայության էր անցել խաղաղապահ զորքերում։ Հայրը զարմանում է, որ մի քանի օրվա պայմանագրային զինծառայողին, այն էլ խաղաղապահ, տարել են Արցախ՝ առաջին գիծ։ «Ընդամենը 5 օրվա աշխատող էր, իրավունք չունեին տանելու։ Ինքը 9 ամիս սպասում էր, որ ընդունեն, հրամանը տան։ Իրեն մի օր պահեցին զորամասում, ես հաց բերեցի այդ օրը իրիկունը, ու էլ չեմ տեսել դրանից հետո»,- ասում է մեր զրուցակիցը։
Ռոբերտը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ապրիլի 10-ին, գիշերը 02:15-ի սահմաններում Թալիշի զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Սակայն, Ռոբերտի հրամանատարաները զինվորի քառասունքի ժամանակ հորը այլ բան են ասել։ Նրանք ասել են, որ Ռոբերտը զոհվել է դիվերսիայի հետևանքով։ Գիշերը դիվերսիա է տեղի ունեցել, զինվորը դուրս է եկել, հանդիպել է հակառակորդի դիվերսանտներին, տևական ժամանակ ձեռնամարտի է բռնվել նրանց հետ և զոհվել՝ գլխի շրջանում ստացած վիրավորումից։
«Իր մահվան հանգամանքերը գրած էր, որ դիվերսիա էր եղել։ Իրենց հրամանատարը քառասունքի օրը, որ եկավ պատմեց, ես ասացի՝ էլ մի պատմի, չեմ ուզում լսեմ, իմ համար ահավոր ցավ է, ծանր է, չեմ ուզում լսեմ՝ ինքը ոնց ա մահացել, ոնց ա տանջվել կամ տանջվել ա, թե չէ։ Ինձ պատմեցին, որ 9-ի գիշերը դիվերսիա Է եղել, ինքը դուրս է եկել, որ գնա, հանդիպել է դրանց, ահագին կռվել է հետները, ձեռնամարտի, հետո նոր խփել են»,- խորը ցավով պատմում է զոհվածի հայրը։
Ռոբերտը ամուսնացած էր, երեխա ուներ, իր նման գեղեցիկ ու կապուտաչյա։ Այսօր նրա ընտանիքը փոքրիկ Աբրահամից է կարոտն առնում։ Կինն էլ արցունքները զսպելով ասում է՝ երեխայիս պատմելու եմ, որ ինքը հերոս հայր է ունեցել։ Ինչքան երազանքներ ունեին միասին....
Քրիստինա Աղալարյան
Ռոբերտը՝ կնոջ հետ
Ռոբերտը՝ հոր հետ