Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։ Այս մասին ահազանգում է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ Արցախի Ծար գյուղի 13-րդ դարի նշանավոր խաչքարն այլևս իր տեղում չէ։ Մեր մշտադիտարկումները և որոնումները խաչքարի ֆիզիկական վիճակի վերաբերյալ անարդյունք մնացին։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ՝ ենթադրելի է, որ հայկական խաչքարագործության այս եզակի օրինակը ոչնչացված է»,- նշված է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։
Խաչքարային մշակույթը հայկական պատմամշակութային ժառանգության ինքնատիպ դրսևորումներից է, որի կերտման արվեստն ու խորհրդաբանությունը դեռևս 2010 թ․ արժևորվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ»-ում։