Հարկային մարմինը երբեք չի կարողանա ձեռք բերել հասարակության վստահությունը։ Երբեք չի կարողանա ապացուցել հասարակությանը, որ աշխատում է թափանցիկ, օրինական, առանց հովանավորչության։ Պետեկամուտների կոմիտեն այլևս երբեք չի կարողանա խոսել արդարության, հավասարության, կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Այդ կառույցում երբեք չի վերանա կաշառակերությունը, հովանավորչությունը, օրինազանցությունը և նման արատավոր բարքերը։


Պարզաբանենք, թե ինչու ենք նման բան պնդում։ԼՈՒՐԵՐ.com-ը, լինելով անաչառ և օբյեկտիվ լրատվամիջոց, մոտ մեկ ամիս առաջ բարձրաձայնեց կոռուպցիոն երևույթի մասին, որն անմիջական առնչություն ուներ ՊԵԿ-ի հետ, իսկ ավելի կոնկրետ՝ Գորիսի հարկային տեսչության տեսուչ Վաչե Թանգյանի հետ։ Հոդվածում անդրադարձել էինք տեսուչի կողմից միջնորդավորված ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահմամբ շուկայում հացի վաճառքի ավելացմանը, հարկերը չարամտորեն թաքցնելով՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը, կեղծ սննակության կազմակերպմանը և այլն։

 

Մեր հրապարակումից մի քանի օր անց նշանակվեց ծառայողական քննություն։ Թվում էր, թե ՊԵԿ ղեկավարությունը ողջամիտ է և գիտակցում է հարցի լրջությունն ու արդար քննություն է իրականացնում։ Բայց արի ու տես, մենք սխալվել էինք այդ հարցում։ Մեզ հասած տեղեկության համաձայն՝ ծառայողական քննությունը որոշում է կայացրել իրենց շարքերում հայտնված օրինազանց հարկային տեսուչին «պատժել» ընդամենը գրավոր նկատողություն տալով։ Սա այն դեպքում, երբ մեր բարձրաձայնած խնդիրը քրեական հանցագործության մասին էր։ Վաչե Թանգյանի կատարած արարքները պետք է քննվեին Քրեական օրենսգրքի համապատասխան կետերով։ Էլ չենք խոսում հարկային մարմնից հեռացնելու մասին։
Գրավոր նկատողություն տալու հետ կարելի էր համակերպվել, եթե խախտումը լիներ տեսուչի անփութության կամ չիմացության արդյունք։ Բայց ոչ։ Այս դեպքում Վաչե Թանգյանը մտածված ապօրինություններ է կատարել։ Նա այնքան հանդուգն է գտնվել, որ անգամ իր անօրինական փուռը տուգանելուց հետո է աշխատեցրել՝ արհամարհելով ստուգող մարմնի կայացված որոշումը և տուգանքը։ Եվ այսքանից հետո հայտարարել գրավոր նկատողություն, պարզապես ծիծաղելի է։

 

ՊԵԿ-ի ծառայողական քննությունն իրականացնող մարմնի կայացրած որոշման մեջ ամենազավեշտալին այն է, որ Վաչեն այդպես էլ չհերքեց, որ թույլ է տվել ոչ թե կարգապահական իրավախախտում կամ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտում, այլ լուրջ օրինազանցություններ, ընդ որում՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, բայց մարմինը նրան գրավոր նկատողություն տալով բավարարվեց։ Համաձայնեք, դա սեփական պաշտոնը և անձը ծիծաղի առարկա դարձնելու քայլ էր, որն արեց ՊԵԿ ծառայողական քննությունն իրականացնող մարմինը։


Մի ՞թե, ՊԵԿ ղեկավարության համար ակնհայտ չէր, որ Վաչեն, որպես պաշտոնատար անձ, չարաշահել է իր դիրքը։ Մի՞թե ՊԵԿ ղեկավարները չեն տեսնում, որ Վաչեն իր վստահված անձի՝ կնոջ միջոցով (եթե իրականում կինն է կառավարել փռի գործունեությունը) անուղղակիորեն մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը և թույլ է տվել այնպիսի արարքներ, որոնք կապված են այդպիսի կազմակերպության արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ: Այս արարքը համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի համարվում է հանցանք: Սա կարող է հերքվել միայն այն դեպքում, եթե պարզվի, որ Վաչեն փռռի անօրինական գործունեության մասին տեղեկացել է նյութի հրապարակումից հետո:

 

Վաչե Թանգյանի հետ միասին հանցանք է գործել նաև տեսչության պետն, ով հանցավոր անգործություն է դրսևորել և չի հետևել իր ղեկավարության տակ գտնվող երիտասարդի հանցավոր գործունեությանը կամ չի ցանկացել հետևել։ Դա այլ հարց է։

 

Մենք միայն կարող ենք փաստել, որ այսուհետ Պետեկամուտների կոմիտեն իրավունք չի ունենա խոսել արդարության և իրենց կառույցում կոռուպցիայի վերացման մասին։ ՊԵԿ նորանշանակ նախագահն այլևս երբեք չի կարող պարզ ճակատով հայտարարել, թե իրենք պայքարում են կոռուպցիայի, հովանավորչության և նման արատավոր երևույթների դեմ, քանի որ նման բան հայտարարելուց հետո մենք ևս մեկ անգամ կհիշեցնենք այս գործի մասին։ Եվ վերջապես, սիսիանցիներն ու ողջ հասարակությունը երբեք լուրջ չի ընդունի զավեշտի հասնող այդ հայտարարությունները, երբեք չի հավատա այդ մարմնում աշխատողների ազնվության վրա, քանզի աչքի առաջ ունի այս դեպքը։ Պետք է փաստել, որ քննությունն իրականացնող մարմնի այս որոշումը անդառնալիորեն խփում է ՊԵԿ-ի՝ առանց այն էլ ընկած հեղինակությանը, և հարվածում ՊԵԿ նախագահի վարկանիշին ու կաշկանդում նրա հետագա գործունեությունը։


Քրիստինա Աղալարյան