ԼՈՒՐԵՐ.com-ը մշտապես հետևողական է իր բարձրաձայնած խնդիրների հետագա զարգացումների նկատմամբ: Այդ խնդիրներից մեկն էլ վերաբերվում է Գորիսի հարկային տեսչության տեսուչ Վաչե Թանգյանին։ Ընթերցողին հակիրճ հիշեցնենք, թե ինչու ենք անդրադարձել վերը հիշատակած անձին և ինչ սկանդալներ կան նրա անվան հետ կապված: Վաչե Թանգյանը, ով աշխատում է Գորիսի հարկային տեսչությունում, իր բիզնեսը՝ հացի փուռը, ծաղկեցնելու համար դիմում էր մի շարք ապօրինի արարքների։ Փուռը աշխատեցրել է առանց աշխատողներին գրանցելու, առանց հսկիչ դրամարկղային մեքենայի և այլն։ Մեր հրապարակումների հիման վրա ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի կողմից ծառայողական քննություն նշանակվեց, սակայն, չնայած աղաղակող փաստերին, նրա նկատմամբ հայտարարվեց գրավոր նկատողություն:

 

Երևի հենց սա էլ ավելի մեծացրեց Թանգյանի մոտ անպատժելիության զգացողությունը: Այս ամբողջ ընթացքում ԼՈՒՐԵՐ.com-ը ուշի ուշով հետևել է Թանգյանի գործունեությանը, որն ուղեկցվել է ուշագրավ դրվագներով: Թանգյան Վաչեն, պարզվում է, այնքան անպատժելի ու ամենակարող է իրեն համարում, որ արդեն մոտ երեք ամիս է աշխատանքի չի ներկայանում: Սեպտեմբեր ամսից մինչ այժմ վերջինս գոնե ձևի համար մեկ օր աշխատանքի չի ներկայացել և ամենայն հավանականությամբ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում բացակայություններ է ստացել:

 

Ըստ մեզ հասած լուրերի` հարկային տեսուչը իր բացակայությունների պատճառ է ներկայացրել հիվանդությունը և տեսչություն է ներկայացրել ինչ-որ բժշկական տեղեկանք, որը ստացել է ինչ-որ բժշկական հաստատությունից՝ անհայտ ճանապարհներով: Չնայած, ինչպես կասեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ձևերը հայտնի են: Սակայն, պետք է նշել, որ տվյալ դեպքում հիվանդության հետ կապված բացակայությունները հարգելի համարելու համար հիմք է հանդիսանում ոչ թե տեղեկանքը, այլ բժշկական հաստատության կողմից տրվող ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, որի ձևը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այս դեպքում, կարծում ենք, սա համապատասխան կառույցների համար քննարկման թեմա պետք է դառնա:

 

Սա ընդամենը մեկ օրինակ է նրա քաջագործություններից ու օրինազանցություններից, որոնց վրա աչք են փակում նրա վերադասները: Թե ինչու` կիմանան միայն նրանք:

 

Վաչե Թանգյանի նման ապաշնորհ և «թավաքյալի» աշխատողը մի վայրկյան անգամ չպետք է մնար որևէ կառույցում, սակայն, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, մեր հարկային համակարգի ղեկավարները նախընտրում են նման աշխատելաոճ ունեցողներին, չգիտակցելով, որ դա խփում է իրենց վարկանիշին: Ասվածի վառ ապացույցն այն է, որ Վաչե Թանգյանին «պահողները» պատրաստվում են նրան տեղափոխել մաքսային ծառայություն: Ինչպիսի խայտառակություն:

 

Հարկային տեսուչի պաշտոնում իրեն չարդարացրած անձին տեղափոխել մաքսային ծառայության ոլորտ, պարզապես «շանտղություն» է, ինչպես կասեր վարչապետը: Ի դեպ՝ վարչապետն էր, որ պաշտոնում նշանակվելուց հետո հայտարարել է, որ ինքը նախընտրում է լավագույն մասնագետներին և որ համակարգում չպետք է լինեն ոչ պրոֆեսիոնալներ: Թանգյանի դեպքում փաստերն ու ապացույցներն ավելի խոսուն են։ Հաշվի առնելով նորանշանակ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի սկզբունքայնությունը և նմանատիպ արատավոր երևույթների նկատմամբ կոշտ դիրքորոշումը` հուսանք, որ օրինազանց տեսուչը կստանա արժանի պատիժ:

 

Քրիստինա Աղալարյան