Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորությունը համադրելի է Ստամբուլը Կոստանդնուպոլսի վերանվանվելու հավանականության հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել այսօր իր խմբագրական հոդվածում The Financial Times թերթը:

 

«Թուրքիան այնքան շանսեր ունի ԵՄ մտնելու մինչեւ 2020 թվականը, ինչքան եթե Ստամբուլը վերանվանվի Կոստանդնուպոլսի», -գրում է բրիտանական թերթը:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնն ավելի վաղ հայտարարել էր, որ 28 երկրների հանրակցությանը միանալու մասին բանակցությունների ներկայիս տեմպերի պահպանման դեպքում Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա մինչեւ 3000 թվականը:

 

«Անգամ մոտ ապագայի ծրագրերում հնարավորություն չկա, որպեսզի Թուրքիան մոտ ժամանակում դառնա ԵՄ անդամ», -ասել է նա ITV հեռուստաալիքի եթերում:

 

«Նրանք հայտ են ներկայացրել 1987 թվականին: Առաջընթացի ներկայիս արագությամբ, հնարավոր է' նրանք անդամակցելու պահին մոտենան մոտավորապես 3000 թվականին, եթե հավատանք ամենավերջին կանխատեսումներին», -համոզմունք էր հայտնել Դեվիդ Կեմերոնը:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ հոռետեսորեն է արտահայտվել ԵՄ տարածք Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի մուտքի առնչությամբ, հայտարարելով, որ Լոնդոնը նման քայլը չի պաշտպանի, եթե դրան համաձայնվի Բրյուսելը:

The Guardian թերթն էլ իր' «Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորության հարցում իրականությունը երեւակայությունից տարբերելը» վերնագրով հոդվածում գրել է, որ «պարզ ասած' Եվրոպայում ոչ մեկն էլ պատրաստ չէ այժմ կամ էլ տեսանելի ապագայում Թուրքիային ներառել Եվրամիության կազմ»:

 

Նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 2002 թվականին իշխանության գալուց հետո Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացն ամբողջությամբ դադարել է, եւ այդ երկիրը շարժվում է դեպի ավտորիտարիզմ ու իսլամ: Երազանք կմնա նաեւ թուրքերի' ԵՄ առանց վիզայի մուտք գործելու հնարավորությունը, որովհետեւ Թուրքիան ցանկություն չունի կատարելու դրա համար Բրյուսելի առաջադրած 72 պայմանները, այդ թվում' Էրդողանի ռեժիմի կողմից քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար կիրառվող ահաբեկչության դեմ պայքարի օրենքի փոփոխությունը», -գրում է թերթը:

 

Թերթը նաեւ հիշեցնում է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը կարող է վետո դնել ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր, ինչը գործնականում անհնարին է դարձնում ԵՄ պահանջներին չհամապատասխանող Թուրքիայի անդամակցությունը միությանը:

 

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցարզրույցում հայտարարել է, որ քանի Թուրքիայի առաջնորդը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, այդ երկիրը չի կարող դառնալ Եվրամիության անդամ:

 

Թուրքիայի' ԵՄ անդամակցության հետ կապված Օզդեմիրն ասել է, որ «Եվրոպայում հետաքրքրություն ժողովրդավարական Թուրքիայի նկատմամբ կարող է ծագել միայն երկարաժամկետ հեռանկարում»:

 

Անդրադառնալով Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական եւ քրիստոնեասոցիալական' CDU/CSU միացյալ կուսակցությունների կողմից Թուրքիայի հետ անդամակցության դռները բաց լինելու մասին գնահատականին, Օզդեմիրը հայտարարել է, որ «Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում սխալ է լիիրավ անդամակցության փոխարեն արտոնյալ գործընկերության մասին խոսելը եւս»:

 

Ջեմ Օզդեմիրը նաեւ քննադատել է ԵՄ հետ Թուրքիայի միջեւ փախստականների ճգնաժամի լուծման հարցում Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի ջանքերով ստորագրված համաձայնագիրը' անվանելով դա «կարճաժամկետ շահեր հետապնդող»:

 

«Միացյալ կուսակցությունները շփոթված են Թուրքիային ուղղված քաղաքականություններում: Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը ռազմավարորեն աղքատ է, իշխող CDU/CSU կուսակցությունները գործում են միայն մարտավարապես», -ասել է նա:

 

Ի դեպ' Սանկտ-Պետերբուրգի օրենսդրական ժողովի պատգամավոր Վիտալի Միլոնովը հունիսի 15-ին դիքում է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին' խնդրելով ռուսատանյան քարտեզներում, դասագրքերում եւ տրոնսպորտային ուղղություններում վերադարձնել Ստամբուլի իսկական' Կոնստանդնուպոլիս անվանունը (ՌԻԱ Նովոստի):

 

«Ռուսաստանի բնակիչների համար Ստամբուլը նախկինի նման կապվում է բացառապես Բյուզանդիայի պատմության հետ: Մեր երկրի մինչհեղափոխական ժամանակաշրջանում յադ քաղաքը մեզ մոտ անվանվել է Կոնստանդնուպոլիս: Ներկայում եւս բազմաթիվ ուղղափառ երկրներ, օրինակ' Հունաստանը, շարունակում ենայդ ավանդույթը», -ասել է պատգամավորը' նշելով, որ «Կոնստանդնուպոլիս» անվանունը պետք է վերադարձվի ժամանակակից գործածության: