Հայկական էլիտաներում տիրող ամենաթողության ու երբեք իր արդիականությունը չկորցնող «մեր դեմ խաղ չկա» սկզբունքի մասին երկար-բարակ խոսելն ու այս ամենի' երկրի վրա ունեցող խիստ բացասական հետևանքների մասին բարբառելը, կարծում ենք, ավելորդ կլինի: Դժվար կարելի է գտնել գեթ մեկ քաղաքացու, ով չի բախվել այս ամենին ու չի տուժել այն զոռբայությունից, որ բնութագրական է դարձել մեր երկրում գրեթե յուրաքանչյուրի դեպքում, ով փող ունի:

 

Հայաստանում ճանապարհային երթևեկությունից մինչև հասարակ մարդկային հարաբերություններ այլասերվել են ծայրահեղ աստիճանի: Բայց դեպքը, որի մասին հիմա կխոսենք, անշո՛ւշտ, շատ ավելի ողբերգական է, քան վերը թվարկածները:


Պարզվում է' հանրահայտ գործարար, մենաշնորհային բիզնեսներով ժողովրդին հայտնի Սամվել Ալեքսանյանը ոչ միայն զբաղվում է ապօրինի գործարարությամբ ու, ասենք, հանրահայտ բրենդային խմիչքներ կեղծում, այլև բավական հաջող կերպով կարողանում է ունեզրկել ու հարստահարել մարդկանց, մասնավորապես' սեփական աշխատակիցներին: Ինչպես հայտնի է դառնում մամուլում շրջանառվող տեղեկություններից, Ալեքսանյանը, որոշելով իբր պատժել իր իսկ աշխատակցին այն բանի համար, որ վերջինս իրենից թաքցրել է քեռու տղայի' կազինոներ այցելելու փաստը, ապօրինի գործողությունների է դիմել իր աշխատակցի հանդեպ ու խլել նրանից ունեցած ողջ գույքն ու բիզնեսները' ավտոլվացման կետ, վարսավիրանոց, հացի փուռ, ավտոտնակ և այլն: Չխորանալով մանրամասների մեջ' նշենք միայն, որ խեղճ մարդը ճարահատյալ դիմել է մամուլին' սեփական խնդիրները բարձրաձայնելու ու գոնե այդկերպ կանխելու իր անձի դեմ ուղղված բռնությունն ու ապօրինությունը:


Այն, որ խաղամոլությունն ամենևին էլ գովելի երևույթներից չէ, փաստ է. սրա դեմ բոլոր առաջադեմ հասարակություններում էլ պայքարում են: Բայց համաձայնե՛ք' պայքարի այն մեթոդոլոգիան, որը կիրառել է Ալեքսանյանը, ոչ մի կերպ ընկալելի չես համարի: Ի՞նչ է նշանակում մարդուն ունեզրկել այն բանի համար, որ, բա չե՞ք ասի, հանդգնել է ու իրեն պարտաճանաչորեն չի զեկուցել քեռու զավակի հակումների մասին:Եթե խնդիր կար վերջինիս հետ, կարծում ենք, շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե հենց իր հետ հարաբերություններ պարզեր, այլ ոչ թե վայիս լիներ մարդկանց հացին…


Բայց այս ողջ պատմության մեջ ուշագրավ է մեկ հանգամանք, որը միգուցե շատերի համար այնքան էլ նկատելի չլինի: Ամենևին էլ չի բացառվում, որ այս պատմությունը, որը, ինչպես հասկանալի է, այնքան էլ լավ կողմից չի բնութագրում մեր հերոսին, ասպարեզ է սպրդվել ամենևին էլ ոչ պատահական սկզբունով.Ալեքսանյանին փոձում են իր տեղ ցույց տալ ու հասկացնել, որ չենթարկվելու դեպքում կարող են և քրեական պատասխանատվության ենթարկել, չէ՞ որ որևէ մեկը հիմար չէ, որ հավատա, թե սույն դեպքը Ալեքսանյանի կենսագրության մեջ միակ սև բիծն է. սպասենք դեպքերի հետագա զարգացմանը:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ