«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվանմամբ հանրային նախաձեռնության անդամներից Գոհար Արշակյանը (լրագրող), Սոսե Ղլեջյանը (մանկավարժ), Սիրուն Սեմրջյանը և հասարակական գործիչ, տարածաշրջանային հարցերով փորձագետ- վերլուծաբան Սարգիս Հացպանյանը «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում այսօր հանդես են եկել համատեղ ասուլիսով: Նախաձեռնության նպատակն է արգելել Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մուտքը Հայաստան' նախապես բարձրաձայնելով, որ նա այստեղ խիստ անցանկալի անձ է, իսկ այցելության պարագայում հանդես գալ բողոքի համապատասխան միջոցառումներով:

 

Նախաձեռնող խմբի անդամներից մեկը մեզ հայտնեց, որ իրենք շատ կցանկանային բողոքի ակցիան սահմանափակել «Զվարթնոց» օդանավակայանում Արամ Աթեշյանին արժանավայել' պոմիդորներով ու ձվերով դիմավորելով' խնայելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Սակայն քանի որ Մայր Աթոռը չի հայտարարում նրա գալու օրը, թեև, ըստ կարգի, պետք է իր կայքում տեղեկացներ այդ մասին (ունի նաև համապատասխան աշխատակից, որը բարձրաստիճան հոգևորականի, ինչպիսին է, օրինակ, Պոլսի պատրիարքական փոխանորդը, այցելության դեպքում դիմավորում է նրան ու բերում, տեղավորում Էջմիածնում), ինչպես նաև պարտավոր է նրա այցի վերաբերյալ տեղեկատվությունը չթաքցնել հանրությունից, այն հայտնել այդ տեղեկատվությունը հայցող լրատվամիջոցներին, ապա եթե այս իրավիճակում եթե նախաձեռնող խմբի կոչին արձագանքելով, հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ հայտնվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դարպասների մոտ, ապա դրա համար միակ մեղավորը կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը Աթեշյանի գալու մասին չի հայտնել, ավելին` չի արտահայտել իր համապատասխան դիրքորոշումը ու չի կանխել նրա գալը:

 

«Մենք փորձում ենք խնայել Մայր Աթոռը, այսինքն' զանազանել, չխառնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայոց ցեղասպանությունն ուրացած, Էրդողանին ստորաքարշորեն խայտառակ նամակ գրելով, մեր սրբադաս նահատակների հիշատակն անարգած հոգևորականի հետ, բայց եթե իրենք չեն անում իրենցից կախվածը կամ գոնե բաց, հրապարակային չեն գործում Աթեշյանի այցի առնչությամբ, ստիպված ենք բողոքի ակցիան կազմակերպել Էջմիածնում, Վանատան մոտ, ուր իջևանում են դրսից Էջմիածին եկած հոգևորականները»,- ասաց մեր զրուցակիցը:


Պատասխանելով Լուրեր.com-ի հարցին, թե ի՞նչ հնարավորություններ կան Աթեշյանին կարգալույծ անելու, Սարգիս Հացպանյանն ասաց, որ Հայոց եկեղեցում կա հոգևորականի պատժի երկու տարբերակ' փիլոնազուրկ անել (այսինքն' փիլոնից զրկել, ինչը դեռ կարգալույծ անել չէ) և կարգալույծ անել: Առաջինը պատիժ է, երկրորդը` խստագույն պատիժ: Կարգալույծ անում են, երբ հոգևորականին մեղք գործելու կամ որևէ լուրջ խախտման համար արդեն հեռացնում են հոգևոր դասից, նա դառնում է աշխարհիկ, նախկին վիճակին վերադառնում, ընդ որում, կարգալույծ անում են ընդմիշտ: Մինչդեռ, փիլոնազուրկ անում են ժամանակավոր, ասենք, 6 ամսով, 1 տարով, 3 տարով: Փիլոնից զրկված հոգևորականն այդ ընթացքում իրավունք չի ունենում պատարագ անել:

Նկատի ունենալով Աթեշյանի խայտառակ ու սրբապիղծ նամակը Թուրքիայի նախագահին, լիովին պարզ է, որ նրան պետք է ոչ թե փիլոնազուրկ, այլ կարգալույծ անել, հակառակ պարագայում' Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կվնասի իր իսկ հեղինակությունը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի Գերագույն հոգևոր խորհուրդ, որն Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդատու մարմինն է, խորհրդի նախագահն էլ հենց ինքը` Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է,- անդրադառնալով կարգալույծ անելու կարգին, ասաց Սարգիս Հացպանյանը:- Այս մարմինը քննարկում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական, կազմակերպչական, մշակութային և այլ հարցեր: Գերագույն հոգևոր խորհուրդը, եթե հոգևորականներից մեկը, օրինակ, անբարո կեցվածք է դրսևորել կամ գողություն է արել, կարող է նրան կարգալույծ անելու խնդիրը դարձնել իր ժողովի օրակարգի հարց: Դրա համար պարզապես պետք է, որ այս խորհրդի անդամ բարձրաստիճան հոգևորականներից գոնե մեկը բարձրացնի այդ հարցը, դիմի ժողովին այդ կապակցությամբ, մնացյալն արդեն կորոշվի քվեարկությամբ: Էջմիածինը նախապես հայտարարել էր, որ Գերագույն հոգևոր խորհրդի առաջիկա ժողովը պետք է կայանա Հռոմի Պապի այցելությունից առաջ, սակայն, կարծում եմ, նկատի ունենալով, որ Աթեշյանի դեմ բողոքը կարող է հանրության մեջ ավելի մեծ ծավալում ստանալ ու սրվել, որոշել է հետաձգել այդ ժողովը և այն անել Պապի մեկնումից հետո: Սակայն, որքան ես հասկացել եմ, Արամ Աթեշյանը կարող է կարգալույծ արվել նաև առանց Գերագույն հոգևոր խորհրդի որոշման, պարզապես կաթողիկոսի որոշմամբ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք` 1999 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև հիմա, 4 թե 5 բարձրաստիճան հոգևորական' եպիսկոպոս, արքեպիսկոպոս, կարգալույծ են արվել առանց այդ ժողովի օրակարգ մտցված լինելու, առանց քվեարկության, այդ մարդիկ դադարել են եկեղեցական լինելուց: Կաթողիկոսը միանձնյա որոշել է, այսինքն` եթե նա իսկապես ունի այդպիսի իրավունք, Արամ Աթեշյանի դեպքում էլ կարող է նույն կերպ վարվել, հետևաբար հարց է առաջանում' ինչո՞ւ մինչև հիմա կարգալույծ չի արել նրան»:
Ըստ Սարգիս Հացպանյանի, եկեղեցում կան մարդիկ, որոնք բողոքել են կաթողիկոսի հիշյալ միանձնյա որոշումների դեմ, ասել' ինչպե՞ս, եթե ուզում էիք նման բան անել, վեհափառ տեր, ապա անեիք ինչպես կարգն է, ժողովի միջոցով:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի դիվանն օրերս հայտարարեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավասության մեջ չի մտնում Արամ Աթեշյանին կարգալույծ անելու խնդիրը, այսինքն` ցանկության դեպքում էլ չի կարող անել, ինչը ճիշտ չէ, քանի որ կաթողիկոսն երբ ուզեցել, բարձրաստիճան հոգևորականներին կարգալույծ է արել»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Հիշեցնենք, որ Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Գերմանիայի Բունդեստագի' Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումից հետո Facebook-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակ է գրել, որում մասնավորապես նշված է. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել։ Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»։

 

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել «Մենք դեմ ենք Արամ Աթեշյանի մուտքին Հայաստան» վերտառությամբ մի փաստաթղթի ներքո:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը' այստեղ