Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկկողմ և եռակողմ հանդիպումներն արդեն կայացած փաստեր են, հրապարակված է նաև Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությունը: Ի՞նչ է հայտնի մեզ, մեր հասարակությանն այդ հանդիպումների, բանակցությունների մասին, և ի՞նչ տվեցին դրանք մեզ:

 

Նախ, ինքնին հասկանալի է, որ հայտնի է այնքանով, որքանով այդ քննարկումների կամ բանակցությունների մասին հրապարակվել է մինչ հիշյալ հանդիպումները և դրանից հետո, իսկ, ինչպես միշտ, հրապարակվել է չափազանց քիչ բան, ներկայացվել է պարզապես կիսաճշմարտությունը: Ինչ են խոսել իրար հետ, ինչ են միմյանց առաջարկել, միմյանցից ինչ են պահանջել, ինչին են համաձայնել, ինչին չեն համաձայնվել, ինչ են պայմանավորվել նախագահները իրար հետ, գրեթե ամբողջությամբ թաքցնում են ժողովուրդներից:

 

Նրանց սովորեցրել են, որ դա նորմալ բան է, որ դա այդպես էլ պետք է լինի: Օրինակ` երեկվա բանակցությունների վերաբերյալ «Բաղրամյան 26»-ը հայտնել է. «Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»: Այդ ո՞ր հարցերի կապակցությամբ, բառ անգամ չի հայտնվել:

 

Քննարկումների, բանակցությունների հիմնական մասը ժողովուրդներից թաքցնելը նախկինում քանիցս պատճառաբանվել է բանակցային գործընթացին վնաս չպատճառելու անհրաժեշտությամբ, թեև այդպես էլ անհասկանալի է, թե, օրինակ, մեր ժողովուրդն ինչպե՞ս և հատկապես ինչո՞ւ պետք է վնաս պատճառի բանակցային գործընթացին, եթե այն կամ դրանից սպասվող հանգուցալուծումներն իր շահերի և ազգային անվտանգության դեմ չեն:

 

Հիմա անդրադառնանք Սանկտ Պետերբուրգի հանդիպման հայտնի մասին ու փորձենք հրապարակված տեղեկատվության հիման վրա հասկանալ, թե ինչ է քննարկվել այնտեղ: Այսինքն' ինչի՞ շուրջ են բանակցել կողմերը, միայն հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվն ավելացնելո՞ւ, մշտադիտարկման գործըթնացի համար Կասպրշիկի աշխատակազմի լիազորություններն ընդլայնելո՞ւ, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմա՞ն, մասնավորապես' մոնիտորինգի համար հսկիչ սարքերի տեղադրմա՞ն, որոնք թույլ կտան արձանագրել և ապացուցել, թե հրադադարի ռեժիմն իրականում ո՞ր կողմն է խախտել, շփման գծից դիպուկահարներին հետ քաշելո՞ւ, թե նաև ԼՂՀ հակամարտության քաղաքական կարգավորման համար: Դատելով արդեն իսկ հրապարակված տեղեկություններից` հանգում ենք այն հետևությանը, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂՀ հակամարտության քաղաքական կարգավորման հարցը, թեև երեք երկրի նախագահների համատեղ հայտարարության մեջ գրեթե ոչինչ նշված չէ: Նշված է միայն, որ տեսակետներ են փոխանակվել կարգավորման հիմնարար, թե հիմնական բաղադրիչների առնչությամբ, իսկ այդ բաղադրիչները, ինչպես հայտնի է, հետևյալներն են' ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում:

 

Այն, որ Սանկտ Պետերբուրգում նախագահների եռակողմ հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է, դեռ հունիսի 14-ին բացեիբաց հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա նաև ասել էր.
«Հիմա մենք շարունակում ենք մեր միջնորդական ջանքերը՝ մշտապես և համապարփակ եղանակով համագործակցելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող պետությունների հետ և հիմնվելով այն հայտարարությունների վրա, որոնցով 2009-2013 թվականների ընթացքում հանդես են եկել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները: Տեսնենք, թե ինչ կտա եռակողմ հանդիպումը, մենք իրագործելու ենք շատ ակտիվ և շահագրգիռ երկխոսություն»:

 

Ուշակովի այս հայտարարությունում պետք է ուշադրություն դարձնել հատկապես այն մասի վրա, որ հիմա իրենք (Ռուսաստանը) շարունակում են իրենց միջնորդական ջանքերը՝ «հիմնվելով այն հայտարարությունների վրա, որոնցով 2009-2013 թվականների ընթացքում հանդես են եկել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները»: Ընդգծենք, որ այդ հայտարարությունները վերաբերում են ոչ թե, ասենք, շփման գծում մոնիտորինգի համար հսկիչ սարքերի տեղադրմանը (այն ժամանակ այդ հարցը օրակարգում դեռ չկար), այլ հենց ԼՂՀ հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը: Ավելին` Ուշակովի հայտարարությունից բացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ավելի վաղ' հունիսի 6-ին նշել էր, որ կա շրջանակային պայմանավորվածությունների հասնելու հեռանկար: Իսկ շրջանակային պայմանավորվածությունները, ինչպես հայտնի է, վերաբերում են ԼՂՀ հիմնախնդրի հենց քաղաքական կարգավորմանը կամ նաև այդ կարգավորմանը: Թե Մոսկվային հաջողվե՞ց առաջ մղել ԼՂՀ հիմնախնդրի կապակցությամբ շրջանակային համաձայնագիրը, և եթե այո, ապա ինչ չափով, մնում է անհայտ: Իգոր Պոպովի հիշյալ հայտարարությունից ավելի վաղ հրապարակվել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ակնարկը, որը հուշում էր նախագահների հունիսյան հանդիպման' ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը վերաբերվելու մասին:

 

«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն պետք է փոխել, բայց դրա համար անհրաժեշտ է այդ տարածաշրջանից հանել հայկական զորքերը։ «Հակամարտությունը ձգձգվեց, ինչպես հայտարարում էին Ռուսաստանն ու ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի է, մենք այդ հայտարարությունն ամբողջությամբ ընդունում ենք»,–ասել է Ալիևը, որը նաև հավելել է, թե «որպեսզի ստատուս քվոն փոխվի, հարկավոր է Ադրբեջանի տարածքի ապաօկուպացում սկսել, որն ավելի քան 20 տարի օկուպացված է»:

 

Սա ևս մեկ վկայությունն է այն բանի, որ սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԼՂՀ հակամարտության քաղաքական կարգավորման հարցը: Այդ մասին է վկայում նաև ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունն առ այն, որ կայացել է «կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում»:

 

Այժմ անդրադառնամ այն հարցին, թե ի՞նչ տվեցին մեզ Սանկտ Պետերբուրգում ԼՂՀ հակամարտության կարգավորման եռակողմ բանակցությունները (ի դեպ, ՀՀ իշխանությունները խուսափում են «բանակցություններ» եզրն օգտագործել, օգտագործում են «հանդիպում», «քննարկում» եզրերը' ի տարբերություն Կրեմլի, որը տեղի ունեցածն անվանել է բանակցություններ): Պատասխանը մեկն է' էական ոչինչ: Ահավասիկ…

 

Պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է ԼՂՀ հակամարտության քաղաքական կարգավորման կամ դրա որևէ հարցի շուրջ, ո՛չ: Պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է մշտադիտարկման գործըթնացի համար Կասպրշիկի աշխատակազմի լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ, ո՛չ: Պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, մասնավորապես' մոնիտորինգի համար հսկիչ սարքերի տեղադրման համար, որոնք թույլ կտան արձանագրել և ապացուցել, թե հրադադարի ռեժիմն իրականում որ կողմն է խախտել, ո՛չ: Պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու վերաբերյալ, դարձյալ' ոչ:

 

Եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը նշելով, որ, ցավոք, միայն մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները ոչ մի կերպ չեն լուծվում, ասել է. «Եվ մենք, իհարկե, շատ ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ' այսինքն' հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծենք: Դա աշխատանքային տրամադրվածություն կստեղծի բանակցությունների անցկացման համար»:

 

Նախ, նկատենք, որ սա ուրախ կամ շատ ուրախ լինելու հարց չէ, սա հրատապ, օրախնդիր անհրաժեշտություն է, որպեսզի շփման գծում չզոհվեն մեր անմեղ զինվորներն ու սպաները, իսկ Ադրբեջանը դրա համար այդպես էլ պատասխան չտա` իրեն էշի տեղ դրած «միջազգային հանրություն» կոչվածին ամեն անգամ ներկայացնելով այն կեղծ տեղեկությունը, թե իբր մենք ենք առաջինը կրակել, խախտել հրադադարի ռեժիմը, իրենք էլ ստիպված պատասխանել են:

 

Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը կամ շփման գծում դրանց ներդրումը հրատապ, օրախնդիր անհրաժեշտություն է նաև, որպեսզի Ադրբեջանն առաջիկայում չկարողանա սանձազերծել ապրիլյան պատերազմի նման պատերազմ և իրեն դարձյալ էշի տեղ դրած «միջազգային հանրություն» կոչվածին ասել, թե իբր մենք ենք նախահարձակ եղել: Այսինքն' հիշյալ մեխանիզմների ստեղծումը խիստ անհրաժեշտ է Վիեննայի մայիսի 16-ի հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները չիմաստազրկելու և խաղաղության պահպանման համար, ինչպես նաև պարտադիր նախադրյալ' ԼՂՀ հիմանախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար:

 

Հետևաբար, այս ամենը նկատի ունենալով, ՀՀ նախագահը ՌԴ նախագահին պետք է հայտներ ոչ թե այդ հարցի լուծման դեպքում իր կամ մեր շատ ուրախ լինելու մասին, այլ բաց տեքստով պետք է հայտարարեր, որ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը տվյալ բանակցություններից հայկական կողմի հիմնական ակնկալությունն է, որի չբավարարման, այսինքն` դրանից Ադրբեջանի հրաժարվելու պարագայում մենք Ադրբեջանի հետ բանակցությունների շարունակումն այլևս անիմաստ ենք համարելուՍակայն Սերժ Սարգսյանը, ցավոք, այդպես չի վարվել, եռակողմ բանակցությունների արդյունքում նշված մեխանիզմների ստեղծման, շփման գծում ներդրման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ՀՀ նախագահի ու մեր հույսերը, ակնկալություններն ի դերև են ելել:

 

Եռակողմ հանդիպման արդյունքում ձեռքբերված միակ և ոչ էական պայմանավորվածությունը, որը նորություն է, այն է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի նախագահները համաձայնել են ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը (ի դեպ, չի էլ նշվում, թե քանի դիտորդով, ասենք, երե՞ք, թե 30), ինչը, սակայն, ողջամտության սահմաններում դիտորդների թվաքանակի ցանկացած ավելացման դեպքում որևէ երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը, ինչպես նախկինում, առաջինն ինքը չի խախտի հրադադարի ռեժիմը ու հետո դրա համար մեղադրի հայկական կողմին: Ընդգծեմ, որ դիտորդների թվաքանակի ավելացումը որևէ կերպ չի կարող փոխարինել ու չի փոխարինի հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, մասնավորապես' մոնիտորինգի համար հսկիչ սարքերի տեղադրմանը:

 

Արթուր Հովհաննիսյան