ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի հռչակագրում Հայաստանի և տարածաշրջանի երկրների մասին մեկ պարբերություն կա, որում, մասնավորապես, ասված է․ «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։ Այս համատեքստում, մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և չափանիշներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին համապատասխան»։
Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը մինչ Բրյուսել մեկնելը հայտարարել էր, թե իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կախված է վերջնական տեքստից։ Վարչապետը հստակեցրել է, որ եթե տեքստում արտառոց որևէ բան չլինի՝ ինքն այդ գագաթնաժողովին կմասնակցի։ «Հույս ունեմ, որ ձևակերպումներն ընդունելի կլինեն»,- ասել է Փաշինյանը: Վարչապետն ի վերջո որոշում կայացրեց մասնակցել վեհաժողովին, սակայն դրա արդյունքում ընդունված հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք դա ձեռնտու էր հայկական կողմին: Միանշանակ՝ ոչ: Բացի այդ, ակնհայտ է, որ Արցախյան հակամարտությունը արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտություններից, և մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը և տարածքային ամբողջականության իմպերատիվը՝ ՆԱՏՕ-ի մոտեցումներում:
Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը նույն զամբյուղի մեջ է դրվում Մերձդնեստրի և մյուսների հետ, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել հայկական դիվանագիտության համար։ Արդյո՞ք համաժողովին ընդառաջ՝ հայկական դիվանագիտությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել, որպեսզի Մերձդնեստրի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ մի զամբյուղում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չհիշատակվի։ Եթե անգամ ձեռնարկել է՝ պետք է փաստել, որ դրանք հաջողությամբ չեն ավարտվել:
Իսկ ինչո՞վ է տարբերվում եզրափակիչ հայտարարության այս տեքստը՝ նախորդ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի վեհաժողովներում արված ձևակերպումներից: Ոչնչով: Եվ հենց դա է , որ կարելի է անվանել Նոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողում, մեզ չի հաջողվել անել քայլ առաջ: Մասնավորապես,Սերժ Սարգսյանը 2016 թվականի հունիսին մասնակցել է ՆԱՏՕ-ի վեհաժողովին, ավելի ճիշտ՝ Աֆղանստանում ՆԱՏՕ առաքելության մասնակից երկրների հանդիպմանը եւ հայտարարել ինքնորոշման իրավունքի եւ Վիեննայի օրակարգի մասին: 2016 թվականի վեհաժողովի բանաձեւում Արցախը չի հիշատակվել, առկա էր միայն ընդհանուր կոչ՝ տարածքային ամբողջականությունը հարգելու եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին: Ոչինչ չի՞ հիշեցնում…Մի բան ակնհայտ է, նման լղոզված ձևակերպումները ազատելու են Ադրբեջանի ձեռքերը հերթական ռազմական ավանտյուրա ձեռնարկելու հարցում: Հայաստանի նոր իշխանությունները պատմական հնարավորություն ունեին օգտվելով երկրում տեղի ունեցած փոփոխություններից՝ Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները դուրս բերել որակապես նոր մակարդակի: Մինչ այս պահը այդ ցանկությունն առկա է, սակայն միայն դեկլարատիվ հայտարարությունների մակարդակով, իսկ ահա գործնականում՝ ունենք այն, ինչ ունենք՝ ՆԱՏՕ-ն չի շտապում դրական ժեստ կատարել Հայաստանի նոր իշխանությունների հանդեպ:
Ստելլա Խաչատրյան