ՀՀ ոստիկանությունը կատարում է բացատրական աշխատանք, որպեսզի մեր երկրում բնակվողները կամավոր հանձնեն ապօրինի ձեռք բերված և իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Սակայն այդ բացատրական աշխատանքը կամ դեռ այն չէ, ունի կատարելագործման տեղ, կամ էլ թեև իրականացվում է հավուր պատշաճի, բայց ոմանց գիտակցությանն այդպես էլ չի հասնում: Զանց է առնվում ժամանակների ընթացքում հաստատված այն ճշմարտությունը, որ պատից կախված հրացանը մի օր կրակում է, որքան էլ դրա տերն ի սկզբանե մտադրություն, նպատակ չի ունեցել դրա փողն ուղղել այս կամ այն մարդու վրա: Հաճախ կյանքի հանգամանքների բերումով ստացվում է այնպես, որ մարդը հիշում է ապօրինի պահած իր հրազենի մասին, ձեռք մեկնում նրան ու փորձում օգտվել նրա կործանարար «ծառայությունից», կործանարար թե թիրախի կամ զոհի, թե իր համար:

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նախկինում դատված Ստեփան Ստեփանյանը 1989թ. մասնակցելով Լեռնային Ղարաբաղի հանրապետության ազատագրման համար մղվող մարտերին, ազատագրված տարածքներից ձեռք է բերել և Էջմիածին քաղաքի Մարգարա խճուղու հարևանությամբ գտնվող, իր ընկեր Հրաչիկ Աբգարյանին պատկանող շինությունում ապօրինի պահել է հրազեն հանդիսացող մեկ հատ ИЖК տեսակի, Г 04442 համարի, 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, 1հատ СВД տեսակի, Е119 համարի 7.62 տրամաչափի նշանառու հրացան, 40մմ տրամաչափի, РПГ-7Н1 տեսակի, БГ-445 համարի նռնականետ, որսորդական ողորկափող և ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 3706 հատ փամփուշտ, 2 հատ 93մմ տրամաչափի ПГ-7Л տեսակի, 3 հատ 72մմ տրամաչափի ПГ -7С տեսակի, 2 հատ 72մմ տրամաչափի ПГ -7С1 տեսակի, 3 հատ 70մմ տրամաչափի ПГ -7М տեսակի կրակոցներ և դրանց բաղկացուցիչ մաս կազմող 4 հատ ПГ-7ПМ տեսակի, 6 հատ ПГ-7ПЛ տեսակի թվով 10 հատ վառոդային լիցքեր, 3 հատ РКГ-ЗЕМ տեսակի հակատանկային նռնակներ' իրենց բռնակներով, 7 հատ РГ-42 տեսակի, 1 հատ Ф-1 տեսակի, 1 հատ РГГ-5 տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակներ, 5 հատ УЗРГМ տեսակի, 2 հատ ВЗД-3М տեսակի, 1 հատ МД-2 տեսակի մարտական բռնկիչ: Այս բոլորը հայտնաբերվել և առգրավվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների կողմից 2016թ. փետրվարի 19-ին Հ. Աբգարյանին պատկանող շինությունում կատարված խուզարկությամբ:

 

Վերը նշված արարքի համար Ստեփան Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») 1-ին մասի հատկանիշով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: