ՀՀ վարչապետի աշխատակազմը գնել է 12 մարդատար ավտոմեքենա: Պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ «Մեգնա» ընկերության հետ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 69 մլն 600 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատակազմը մեկ ավտոմեքենան գնել է 5 մլն 800 հազար դրամով կամ 12 հազար դոլարով: Տվյալ ընկերությունը պետք է ավտոմեքենաները մատակարարի մինչև այս տարվա ապրիլի 30-ը: Ի դեպ, մարդատար, ամենագնաց ավտոմեքենաները՝ Lada Niva Legend, կոմպլեկտավորումը-Classic արտադրության տարեթիվը՝ 2022 թվական, առավելագույն վազքը՝ 500 կմ, ավտոմեքենան նոր է և չօգտագործված, իսկ գույնը` սպիտակ: Պայմանագրում նշված չէ, թե ինչ նպատակով և առաջնահերթությամբ են գնվել, ինչու հիմա, և որ ամենակարևորն է՝ որ կառույցի համար են գնվել ավտոմեքենաները:
Սա տվյալ ընկերության հետ Փաշինյանի աշխատակազմի առաջին համագործակցությունը չէ: Վարչապետի աշխատակազմն իր կարիքների համար 2021թ․ դեկտեմբերի 13-ին էլեկտրոնային աճուրդ է հայտարարել և «Մեգնա» ՍՊԸ-ից «Նիվա» մակնիշի 12 հատ ավտոմեքենա է ձեռք բերել։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ վարչապետի աշխատակազմի և «Մեգնա» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 22-ին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 69 մլն 600 հազար դրամ է։
Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Մեգնա» ՍՊԸ-ն 2004 թվականին հիմնադրել է գործարար Ռաֆայել Շախմուրադյանը։ 2005 թվականից ընկերության 8,33-ական տոկոս բաժնեմասը պատկանում է նրա երկու որդիներին՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Շախմուրադյանին և Աշոտ Շախմուրադյանին, իսկ 83,34 տոկոսի սեփականատերը Ռաֆայել Շախմուրադյանի կինն Է՝ Լուսյա Տեր-Սարգսյանը։
Ինչպես տեսնում ենք, սա հերթական ապացույցն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը մի կողմից քննադատում և մերժում է, մեղադրում է բոլոր հնարավոր և անհնարին մեղքերի մեջ, այսպես կոչված, նախկիններին, սակայն, մյուս կողմից չի խորշում վերջիններիս հետ շահավետ բիզնես անել և պետական բյուջեից գումարներ ուղղել վերջիններիս բիզնեսները զարգացնելուն..: