Միլանի դատախազությունը հայտնի իտալացի քաղաքական գործիչ, ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին մեղադրել է Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր չափի կաշառքներ ստանալու համար: Այդ մասին գրում է Corriere della Sera իտալական թերթը:
Թերթի տվյալներով՝ դատախազությունը Վոլոնտեին կոռուպցիայի և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացման մեղադրանքներ է ներկայացրել: Նրան մեղադրում են 2012-2014 թվականների ընթացքում «Բաքտելեկոմ» հեռուստահաղորդակցական ընկերության հաշիվներից 2,39 միլիոն եվրո ստանալու համար։
Իտալիայի քննչական մարմինների ներկայացուցիչները ենթադրում են, որ քաղաքական գործիչն այդ միջոցները ստացել է Ադրբեջանի իշխանությունների օգտին քաղաքական գործունեություն իրականացնելու համար:
Թերթը քաղվածքներ է մեջբերում դատախազության փաստաթղթերից, որտեղ նշվում է, որ «Ադրբեջանում և Ստրասբուրգում հանդիպումների և խորհրդակցությունների ժամանակ նա խոստացել է գումարի դիմաց աջակցություն հայտնել օտար երկրի քաղաքական դիրքորոշումներին» և պաշտոնական Բաքվի շահերից ելնող «կարճաժամկետ և երկարաժամկետ քաղաքական նախաձեռնություններ» է իրականացրել: Մասնավորապես, դա արտահայտվել է 2013 թվականի հունվարին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին հարցի քննարկման ժամանակ: