Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի սոցիալական ծառայության տնօրենն ու ծառայության մասնագետը ձերբակալվել են նպաստառուից մեկ ամսվա նպաստը որպես կաշառք վերցնելու եւ իրար մեջ բաժանելու համար: Այս մասին ԳԱԼԱ-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
«Ապրիլի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նպաստառուից 22 հազար դրամ կաշառք ստանալիս ձերբակալվել է Մարալիկ քաղաքի սոցիալական ծառայության երկրորդ բաժնի մասնագետ Կարինե Ժաժոյանը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Կարինե Ժաժոյանը կաշառք ստացել է նույն ծառայության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ կաշառք ստանալուց հետո, պետք է մի մասը փոխանցեր նրան: Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես ձերբակալված է: Սա մեծ տարածում ստացած եւ բնակչության դժգոհությունը հարուցող երեւույթներից է, երբ նպաստառուներից մեկ կամ մի քանի ամսվա գումարը պահանջում են՝ որպես կաշառք»,-ասաց ՇՄ դատախազը:
Քրիստինա Մկրտչյան