Իլիկչյանների ընտանիքը երկար տարիներ է՝ ներգավված է պարաշյուտադեսանտային ծառայությունում: Կապիտան Քրիստինա Իլիկչյանը պատանի հասակում է սկսել օդապարիկով թռիչք կատարել: ՀՀ ԶՈՒ Ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության պետ, գնդապետ Թևոս Իլիկչյանն այն ժամանակ նրա հրահանգիչն էր, հետո դարձավ ամուսինը:
«Սկզբնական շրջանում, երբ միասին աշխատում էինք, իմ մտքով չէր անցնում, որ նման բան կարող է լինել, զուտ գործընկերային հարաբերություններ էին, սակայն հետագայում Աստծո կամքով դարձանք ամուսիններ»,-պատմում է Քրիստինա Իլիկչյանը:
Ամուսինների բնորոշմամբ, իրենք ընտրել են սթրեսային մասնագիտություն, սակայն երբեք չեն զղջացել:
«Իմ մասնագիտությունը բավական բարդ է, բայց հետաքրքիր: Նա, ով երբևէ մեկ անգամ բարձրացել է օդ, համոզված եմ' չի զղջում իր արածի համար: Կարծում եմ' այդ մարդիկ կյանքում չեն մոռանա այդ օրը, դա ազատության մի այլ զգացողություն է»,-ասաց Քրիստինա Իլիկչյանը: Պարաշյուտիստներն օդային տարածքում ոչ միայն իրենց լավ էին զգում, այլև այն հնարավորություն էր սեփական զգացմունքների արտահայտման համար:
«Այն ժամանակ շատ խիստ էր՝ սեփական զգացմունքները ցույց տալու առումով, մենք էլ օգտագործում էինք օդային տարածքը: Ասեմ, որ բարձր որակավորում ունեցող պարաշյուտիստները կարողանում են օդում մոտանալ միմյանց: Ահա մենք օդում մոտենում էինք ու համբուրում միմյանց: Առաջին համբույրը կատարեցինք օդում»,-պատմում է Թևոս Իլիկչյանը:
Ծնողների գործը վարակիչ եղավ, ու այսօր պարաշյուտով թռիչքներ է կատարում նաև նրանց տղան: Ինչպես գնդապետ Թևոս Իլիկչյանն է նշում՝ դա վարակի նման մի բան է:
«Դեռ փոքրուց նա այս գործի մեջ է, մեծացել է այդ միջավայրում, և այդպես նա ևս վարակվեց այդ գործով: Ես տարբեր առիթներով ասում եմ, մեր տանը միայն մեր շունը պարաշյուտով չի թռչում: Այնպես որ ես, տղաս, կինս այս գործի մեջ ենք: Ի դեպ, վերջերս, մեր տղան պետք է թռիչք կատարեր: Հրահանգը տրվում է' «թռիչք» բառն ասելով: Երբ Քրիստինան ասաց՝ թռիչք, և մեր տղան թռավ, մեր բորտ ինժեները շրջվեց ու ասաց' բա դու մայր ե՞ս, դու քո տղային քո ձեռքով գցեցիր: Ահա այդպիսի սթրեսային վիճակները մենք աշխատում ենք հանգիստ անցկացնել»,-պատմում է Թևոս Իլիկչյանը:
Քրիստինա Իլիկչյանը նկատեց, որ երեխային ունենալուց հետո վերադարձել է աշխատանքի, և իրենց տղան մանկությունն անցկացրել է զորամասում:
«Սկզբում չգիտեի, որ երեխայի է սպասում ու այդ ժամանակ թռիչք եմ կատարել, այնպես որ, տղաս դեռ չծնված, արդեն այդ գործի մեջ է: 15 տարեկանում առաջին թռիչքը կատարեց: Ես եմ իրեն պատրաստել ու ասեմ՝ ոչ մի տարբերություն չեմ դրել իր և իմ կուրսանտների միջև: Երբ կուրսանտների հետ տղաս թռիչք է կատարել, նրանք չեն իմացել, որ իմ որդին է: Ես հուզվում եմ բոլորի հետ միասին, պատասխանատու եմ բոլորի համար»,-ավելացրեց Քրիստինա Իլիկչյանը:
Քրիստինա Իլիկչյանը նշեց, որ նոր սերնդի աղջիկների շրջանում հետաքրքրություն կա պարաշյուտային սպորտի նկատմամբ: Մասնագետը հավաստացրեց, որ խիզախ աղջիկներ ունենք և բավական հաջող են թռիչքներ կատարում: