«Սոչի. արվեստ. խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Սոչի մեկնած հայկական «ՀայԱրտ» համույթի սաները, նրանց մանկավարժներն ու ծնողները հունիսի 28-ին'ժամը 19:00-ին լաստանավով կուղևորվեն նախ' Բաթում, ապա' Երևան: Նրանք Ռուսաստանից վերադառնալու դժվարություններ ունեին Վերին Լարսի անցակետի փակվելու հետևանքով: Բաթում հասնելուն պես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ նախարարի հանձնարարությամբ, երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին ավտոբուսով կտեղափոխի Երևան:

 

Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով հունիսի 23-ից փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ ստեղծվել է օպերատիվ խումբ, որը, տեղում ուսումնասիրելով իրավիճակը, հայտնել է, որ ճանապարհի վերականգնողական աշխատանքները կտևեն ավելի քան 10 օր: