ԵԱՀԿ-ի համար պարզ է դարձել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոն տևականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել: Այս մասին այսօր Հարավային Կովկաս այցերի շրջանակներում Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Որքան շատ է տևում այս հակամարտությունը, այնքան մեծանում է ռազմական գործողությունների էսկալացիայի հնարավորությունը: Մենք պետք է ջանանք խուսափել դրանից: ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում այն բանի համար, որ գտնենք տևական լուծում: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջերս երկու անգամ հանդիպեցին: Եթե ամփոփենք այս միջոցառումները, որոնք իրականցվում են ԵԱՀԿ կողմից, կարելի է ասել, որ այս ամենը դեմարկացիոն գծում իրավիճակը հանդարտեցրել են: Մենք սկզբունքորեն ճիշտ ճանապարհին ենք:
Մենք պետք է ամեն բան գործադրենք, որ իրավիճակը պահպանենք, փորձենք բանակցային գործընթացն ավելի նյութական դարձնել: Դրա համար մեզ անհրաժեշտ են ԵԱՀԿ ջանքերը, Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, դրան ավելանում են կոնֆլիկտի կողմերի պատրաստակամությունը՝ գնալու զիջումների»,- նշեց Գերմանիայի ԱԳ նախարարը: