Ինչպես հայտնի է, Գյումրիում Սերժ Սարգսյանին չհաջողվեց ՙխփել, ինչքան ուզում է՚, և նա պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանին' ստանալով ընդամենը մոտ 15 հազար ձայն: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը Գյումրիում ավելի քիչ ձայն է ստացել, քան օրինակ' նրան սատարող քաղաքապետ Սամվել Բալասանյանը կամ անգամ տեղի ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորները: Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը զրկվեց քաղաքապետի պաշտոնից հիմնականում այն պատճառով, որ անցած խորհրդարանական ընտրություններին Գյումրիում ՀՀԿ-ն պարտվեց ԲՀԿ-ին: Երեկ «Առաջին լրատվական»-ը զրուցեց նախկին քաղաքապետի հետ:

- Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ Գյումրիում ՀՀԿ-ն պարտվեց:

- Ճիշտն ասած, դա ինձ չպիտի հարցնեք: Ես էսօր Հանրապետական կուսակցության ղեկավարը չեմ մարզի: Բացի դրանից, պետք է ժողովրդին հարցնեք:

- Դուք քաղաքապետի պաշտոնից զրկվեցիք, քանի որ խորհրդարանական ընտրություններում Գյումրիում ԲՀԿ-ն էր հաղթել: Ստացվում է' հանիրավի՞ Ձեզ ազատեցին աշխատանքից, եթե այս անգամ էլ, փաստորեն, չհաղթեց Հանրապետականը:

- Գիտեք ինչ, քաղաքում կա երեք ընտրատարածք' 80 հազար ձայնով: Երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես դեռ քաղաքապետ էի, և մի ընտրատարածքում ՀՀԿ-ից Արման Սահակյանն էր առաջադրվել, և ես իրեն օգնում էի, ինքը տարել է 16 հազար ձայն, իսկ էսօր երեք ընտրական տեղամասերը միասին պատգամավորներով-բաներով տարել են 15 հազար: Դե հիմա մնացածը ինչ ասեմ:

- Ստացվում է' այսօրվա ցուցանիշները Ձեր գրանցածից էլ վա՞տն են:

- Դե, էդ արդեն դուք գումարեք, հանեք, բայց ինչ որ փաստն է եղել, ես դա եմ ասում:

- Այս դեպքում, Գյումրիի նոր քաղաքապետը ե՞ւս, Ձեր կարծիքով, պետք է պատասխան տա:

- Ես էդպիսի բան չեմ ասում: Ես նմանատիպ բան չգիտեմ, դա պիտի այլ տեղեր հարցնել: Եվ հետո դրանից չէ, որ դուրս եմ եկել: Ես ուղղակի չեմ ուզել աշխատել: Եվ ոչ թե ինձ դրա համար են հանել աշխատանքից: Ինձ հանում է աշխատանքից ժողովուրդը: Իսկ ես իմ թեկնածությունը չեմ առաջադրել, որովհետև ուզում էի մի քիչ հանգստանայի: Ես հիմա էլ պետական կառույցներում չեմ ուզում աշխատեմ:

- Ի վերջո' չե՞ք կարծում, որ Ձեզ հետ ոչ արդարացի վարվեցին:

- Չէ, ես էդպիսի բան չեմ ասում: Ես ասում եմ, որ ոչ թե ինձ հանել են քաղաքապետի պաշտոնից, այլ ես չեմ առաջադրել իմ թեկնածությունը: Ես չեմ առաջադրվել, ժողովուրդն ինձ չի ընտրել: Ես նեղացած չեմ, ես աբիժնիկ չեմ:

- Ընդհանուր առմամբ ինչպես՞ եք գնահատում անցած ընտրությունները:

- Ասեմ, որ ընտրությունները շատ նորմալ, թափանցիկ, օրենքի տառով, չխախտելով Սահմանադրությունը, ես համեմատել եմ նախորդ տարիների ընտրությունների հետ և տեսել եմ, որ իրոք առաջընթաց կա ՀՀ-ում:

- Փաստորեն, այդ նորմալ, թափանցիկ ընտրություններո՞ւմ է Գյումրիում պարտվել Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին:

- Այո, ես դա տեսել եմ, որ իրոք նորմալ ընտրություններ է տեղի ունեցել: Եթե էդպես չլիներ, հավանական է, այլ կլիներ ընթացքը: Տեսնում եք, որ նորմալ ընտրություն եղավ, որ ներկայիս նախագահը դաժե պարտվեց: Այսինքն' դա նորմալ ընտրություններ էր: Հավանական է, Եվրոպայում էլ նման ընտրություններ չի լինում:

- Փաստորեն, Ձեր ժամանակ էր, որ նման նորմալ ընտրություններ չէր լինում, հա՞, պարոն Ղուկասյան, իշխանության թեկնածուն պարբերաբար հաղթում էր:

- …Ամենավատ ընտրությունները լրատվական կառույցների ներկայացմամբ' եղել է իմ օրոք, բայց ժողովրդի կարծիքն այլ է, ձեզ հետ չի համընկնում:

- Դուք էլ էիք ասել' սատարելու եք Սերժ Սարգսյանին այս ընտրություններում: Կարելի՞ է իմանալ' ինչպե՞ս եք սատարել նրան:

- Քաղաքացիական իմ պարտքն եմ կատարել: Եվ որպես ՀՀԿ անդամ' ես իրավունք չունեմ չսատարելու իմ կուսակցության առաջնորդին և իր գաղափարներն ու իր կատարած աշխատանքը չներկայացնել մեր ժողովրդին, որ կատարել է Գյումրի քաղաքի կապակցությամբ:

- Փաստորեն, Ձեր ջանքերն էլ արդյունք չտվեցին:

- Որտեղ որ ես աշխատանք եմ տարել, 70-80 տոկոսով հաղթել է Սերժ Սարգսյանը:

- Պարոն Ղուկասյան, քաղաքապետի պաշտոնից Ձեր դուրս գալուց հետո որոշակի հետաքննություն է տարվում քաղաքապետարանում Ձեր կատարած գործերի հետ կապված:

- Չէ, ես հեչ հետաքննության բան չեմ արել, որ հետաքննություն անեն: Իսկ եթե արած լինեմ, անպայման բոլորս օրենքի առաջ պատասխանատու ենք:

- Իսկ Ֆինանսների նախարարության հայտարարությունը քաղաքապետարանի բազմաթիվ չարաշահումների առթիվ ինչպե՞ս եք գնահատում:

- Նման բան չկա: Ֆինանսների նախարարության հայտարարությունը կապ չունի ֆինանսական խնդիրների հետ: