Հայաստանի նախագահական ընտրությունները շարունակում են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում մնալ. բրիտանական, ֆրանսիական, ռուսական, արաբական առաջատար լրատվամիջոցներն այս անգամ ծավալուն հոդվածներով արձագանքել են փետրվարի 18-ին կայացած քվեարկության արդյունքներին:

«Բոլոր ընտրատեղամասերի ձայների հաշվարկի համաձայն' պրն Սարգսյանը մոտ 59 տոկոս ձայն է հավաքել, իսկ նրա ամենամոտ մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը' մոտ 37 տոկոս»,- գրում է բրիտանական Բի-Բի-Սի հեռուստառադիոկորպորացիան' հավելելով, թե Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) անցած ամիս իր խորը մտահոգությունն էր հայտնել, որ խոշոր կուսակցությունները, ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բացակայության պատճառով, չեն առաջադրել իրենց թեկնածուներին:

Բի-Բի-Սի-ն ընդգծում է, որ ընտրությունների գլխավոր թեման տնտեսությունն է եղել: «Չնայած Հայաստանի տնտեսութունը 2012թ. մոտ 7 տոկոս աճ է արձանագրել, գործազրկությունը, այդուհանդերձ, 16 տոկոս է կազմում, իսկ երկրի բնակչության 30 տոկոսից ավելին աղքատության եզրից անդին է: Պետությունը դժվարանում է հաղթահարել աղքատությունը նաև այն պատճառով, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առևտրային շրջափակման մեջ է գտնվում»,- եզրափակում է հեռուստառադիոկորպորացիան:

«Հայաստանի ԿԸՀ տվյալների համաձայն' Րաֆֆի Հովհաննիսյանը երկուշաբթի կայացած ընտրություններում 36.8 տոկոս ձայն է հավաքել և երկրորդ տեղում է: Նա, սակայն, պնդում է , որ ինքն է իրական հաղթողը և Սարգսյանին, որը, պաշտոնական տվյալների համաձայն, 58.7 տոկոս ձայնով առաջին տեղում է, կոչ է արել ընդունել պարտությունը»,- գրում է արաբական Ալ Ջազիրա հեռուստաընկերության կայքը:

Լրատվամիջոցը հավելում է, որ Հովհաննիսյանի ճամբարի ներկայացուցիչները քվեարկության օրն ահազանգել են մի շարք ընտրախախտումների մասին. «ինչպես օրինակ թանաքի (անձնագրերում դրված կնիքի) անհետացումը, որը հնավորություն է տվել բազմաթիվ անգամներ ընտրել և այն, որ տաքսիներով ու ավտոբուսներով «իշխանամետ» ընտրողներին ընտրատեղամասեր են տարել»:

«Այդուհանդերձ Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդվարդ Շարմազանովը հերքել է մեքենայությունների մասին մեղադրանքները, ընտրությունները որակել է «լավագույնը» անկախ Հայաստաի պատմության մեջ և ընդգծել, որ էքզիթ փոլի (ընտրտեղամասերի մուտքի մոտ անցկացվող «երկրորդ քվեարկություն», երբ քաղաքացիները վերահասատում են, թե ում օգտին են քվեարկել) արդյունքները ցույց են տվել, որ նախագահ Սարգսյանը միակ ֆավորիտն է»,-շարունակում է «Ալ Ջազիրան»:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ ընտրություններում մասնակցությունը 60 տոկոս է կազմել, ինչը «ժողովրդավարական մեծ թեստ էր» նախկին խորհրդային պետության համար:

«Հայաստանի նախագահը հաղթում է վիճահարույց ընտրություներում»,- նախագահական ընտրություններին նման վերտառությամբ հոդվածով է անդրադառնում ֆրանսիական Ֆրանսպրես գործակալությունը և հավելում,- Ընտրությունների ելքը կանխատեսելի էր արդեն 2012թ. դեկտեմբերին, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շատ հայտնի առաջնորդ, բազկամարտի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրապայքարին, իսկ հետխորհրդային Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանն ասաց, թե շատ ծեր է նախագահի պաշտոնի համար:

Գործակալությունն ընդգծում է, որ ընտրությունները մթագնել են ուժեղ ընդդիմության բացակայությունը և անցած ամիս նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված «խորհրդավոր» մահափորձը:

«Իշխանություններն ակնկալում էին անցկացնել խաղաղ ընտրություններ, որոնք կբարելավեին եվրոպական ինտեգրացմանն ուղղված երկրի շանսերը»,- ընդգծում է «Ֆրանսպրեսը», ապա մեջբերում Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքերը, թե քվեարկությունն ընթացել է մեծ թվով խատումներով: «Էքզիթ փոլի արդյունքներն իրականությունը ցույց չեն տալիս, այլ այն, ինչ իշխանություններ են ուզում»,- գործակալության հետ զրույցում ասել է Խուրշուդյանը:

Ֆրանսիական հեղինակավոր «Ֆիգարո» պարբերականը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հաղթանակին, գրում է. «Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հաղթական պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար. պատերազմ, որը նախկին խորհրդային հանրապետության անկախությունից ի վեր հայրենասիրության ներշնչման աղբյուր է հանդիսանում: Նա եղել է ներքին գործերի նախարար, 2007թվականին եղել է վարչապետ: Եվրամիության հետ նրա մերձեցման քաղաքականությունն ունի առավելություն այն առումով, որ չի հակազդում Մոսկվայի հետ հարաբերություններին»:

Բրիտանական «Ռոյթերզ» գործակալությունն իր հրապարակման մեջ նշոմ է, որ նախագահական ընտրությունները մթագնել են քվեարկության օրը տեղի ունեցած մեքենայությունների մասին մեղադրանքներն ու ոչ մրցակցային լինելը:

«Ոստիկանության տվյալներով' քվեարկության ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ առնվազն 70 հաղորդագրություն է ստացվել: Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկված քվեաթերթիկներից շատերն անվավեր են ճանաչվել, սակայն կուսակցությունը չի նշել, թե վիճարկելու է արդյո՞ք ընտրությունների արդյունքները»,-գրում է գործակալությունը:

«Ռոյթերզ»-ն այնուհետև անդրադառնում է Սերժ Սարգսյանի ելույթներին ու նախընտրական ծրագրին' գրելով, որ Հայաստանի նախագահը խոստացել է ապահովել երկրի կայունությունը և պայմաններ ստեղծել դեպի ծով ելք չունեցող երկրի տնտեսությունը վերականգնելու համար»:

Գործակալությունը միաժամանակ նշում է, թե Սերժ Սարգսյանը քաղաքական մեծ փոփոխությունների համար ծրագրեր չի ուրվագծել, «ցույց չի տվել նշաններ, որ ցանկանում է վերանայել հարաբերությունները հարևանների, հատկապես, Ադրբեջանի հետ, որն օգտագործում է իր տնտեսական ու դիվանագիտական աղբյուրները' Երևանին մեկուսացնելու համար»:

«Սերժ Սարգսյանը 20 տոկոս առավելությամբ հաղթում է ընտրություններում»,-գրում է ռուսական Vesti.ru կայքը և մեջբերում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի խոսքը, թե փետրվարի 18-ի ընտրություններն անցկացվել են միջազգային նորմերին համապատասխան:

«Մեր գնահատականով' ընտրություններն անցել են ընտրական օրենսդրության նորմերին համապատասխան: Ցանկանում ենք նշել, որ նախորդ' 2008թ. նախագահական ընտրությունների համեմատ, այս ընտրություններում նշանակալից դրական փոխություններ են գրանցվել»,-ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում ասել է Լեբեդևը' ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները «հաշվի են առել» միջազգային դիտորդների նախորդ դիտարկումները:

Լուսանկարը' Ֆոտոլուրի