Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վաշինգտոնյան այցի կապակցությամբ մի խումբ ադրբեջանցի ներկա և նախկին քաղբանտարկյալներ հրապարակումներով են հանդես եկել միջազգային մամուլում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Washington Post-ում հրապարակված բաց նամակը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան գրել է Բաքվի բանտից: «Ես լ րագրող եմ և իմ միակ «հանցագործությունը» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի և նրա կառավարության հսկայական կոռուպցիան հետաքննելն էր… Ալիևն այս շաբաթ Վաշինգտոնում մասնակցում է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որի հրավերը նախագահ Օբամայից ստանալու համար ստիպված էր ներում շնորհել մի քանի քաղբանտարկյալների: Չնայած նրանք ազատ արձակվեցին, սակայն նրանց արգելվեց երկրից դուրս գալը և արդարությունը չվերականգնվեց»,- գրում է Իսմայիլովան:

 

 

Այն հարցին, թե ինչու հենց հիմա բաց թողնվեցին քաղբանտարկյալները, ինչն էր փոխվել, Իսմայիլովան պատասխանում է, որ նրանք փոխանակվեցին Օբամայի հետ ձեռքսեղմումով կամ նավթի գնի անկման պայմաններում քայքայվող տնտեսությունը փրկելու համար Համաշխարհային բանկից վարկով: «Ալիևն անամոթաբար օգտագործում է քաղբանտարկյալներին որպես բանակցային մանրադրամ' իր արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելու համար: Եվ ենթադրվում է, որ ազատվածները պետք է ուրախ լինե՞ն: Ես ուրախ, շատ ուրախ եմ, որ որոշ քաղբանտարկյալներ ազատ են արձակվել, սակայն նրանց և իմ պայքարը չի ա վարտվել: Ես խաղալիք չեմ, որպեսզի Բաքվի կամ Վաշինգտոնի դիվանագիտական առաջընթացի համար օգտագործվեմ: Մենք ռեժիմի գերիներն ենք բանտում, թե նրանից դուրս»,- գրում է Խադիջա Իսլմայիլովան' հորդորելով ԱՄՆ նախագահ Օբամային հարցնել Ալիևին, թե երբ է վերջինս պատրաստվում դադարեցնել ճնշումներն ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ կամ երբ է նա պատրաստվում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: «Սրանք կարևոր հարցեր են: Նրանք չպետք է մնան անպատասխան: Եվ մենք կպայքարենք մինչև արդարությունը լիովին հաղթանակի»,- եզրափակում է լրագրողը:

 

 

Մեկ այլ նմանատիպ հրապարակում էլ հեղինակել են նախկին քաղբանտարկյալներ Ինտիգամ Ալիևը, Ռասուլ Ջաֆարովը և Անար Մամադլին The Guardian-ում: «Մեր երկրի' Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վաշինգտոնում մասնակցում է աշխարհի ժողովրդավարական երկրների առաջնորդների հանդիպմանը: Սակայն մեր երկիրը գործող ժողովրդավարություն չէ»,- գրում են հեղինակները' հավելելով, որ իրենք երկրի վերջին քաղբանտարկյալները չեն. դեռ բանտում են Խադիջա Իսմայիլովան, Իլգար Մամադովը և ուրիշներ: Նրանք շեշտում են, որ Ադրբեջանում բացակայում է օրենքի գերակայությունը, չեն հարգվում մարդու հիմնարար իրավունքները: «Մենք բոլորս ներգրավված ենք այնպիսի ոլորտներում, որոնք լիովին օրինական են ցանկացած ժողովրդավարությունում: Եթե Ադրբեջանն այդպիսին է, ապա կառավարությունը չպետք է միջամտի մեր գործունեությանը: Սակայն Ադրբեջանը կկարողանանք համարել լիովին գործող ժողովրդավարություն միայն այն դեպքում, երբ բոլոր քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, կտիրի օրենքի գերակայություն, իսկ հասարակական կազմակերպություններն էլ կկարողանան ազատ գործել»,- ամփոփում են հեղինակները: