Կառավարությունը աջակցություն կցուցաբերի Արթիկ համայնքին, որը հեղեղումների հետևանքով մեծ վնասներ է կրել:
Անձրևների վարարարումների հետևանքով բնակիչներին պատճառված վնասը մեղմելու համար կառավարությունը Շիրակի մարզպետարանին հատկացրեց 41 միլիոն 746 հազար դրամ:
22 միլիոն 350 հազար դրամը կհատկացվի շենք-շինությունների վերականգնման համար, հեղեղատարների մաքրման նպատակով կծախսվի 16 միլոն 965 հազար դրամ, իսկ ահա 2 միլիոն 430 հազար դրամը կտրամադրվի հեղեղումների հետևանքով սատկած գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ այսօր արդեն Արթիկ քաղաքում բնականոն գործունեությունը հինականում վերականագնվել է.
«Բացված հեղեղատարը վերականգնվել է: Ջուրը քաղաքում վերականգնված է, բացի մի փոքր հատվածի, բայց այդ հատվածում քաղաքապետարանը հատուկ ռետինե խողովակներով ջուր է մատուցում: 8-10 ընտանիք չունեն էլեկտրականություն: Պրոցեսը այսօր շարունկավում է: Նախարարության ներկայացուցիչները տեղում են: Իմ փոխնախարարը լինելու է այնտեղ մինչև աշխատանքներն ավարտվեն»,- զեկուցեց Լոքյանը:
Նախարարի խոսքից հետո վարչապետ Աբրահամյանը դիտողություն արեց, ասելով, թե փաստորեն հսկայական աշխատանք է կատարվում, սակայն այն չի ներկայացվում: Ինչն էլ շահարկումների առիթ է հանդիսացել:
«Պարոն վարչապետ, դեպքի առաջին օրը ես եմ այնտեղ եղել, հաջորդ օրը՝ Դուք, աշխատանքներն ամեն օր կատարվել են, հիմա ամբողջ օրը մենք պիտի հայտարարենք ինչ ենք անո՞ւմ»,- արձագանքեց Լոքյանը:
Հովիկ Աբրահամյանը նախարարին խորհուրդ տվեց բարձրաձայնել կատարված աշխատանքների վերաբերյալ: