Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անդրադարձավ հուլիսի 1-ից Հայաստան մուտք գործող Yandx Taxi-ին և պատասխանելով հարցին, թե այդ ընկերությունը դիմել է նախարարությանը, որպեսզի լիցենզիա ստանա՝ պատասխանեց. «Նախարարությունն այդ ոլորտում կարող է միայն հորդորել, որպեսզի Yandx-ը պայմանագրեր կնքի միայն այն տաքսիների հետ, որոնք ունեն լիցենզիաներ:

 

Այսօր լիցենզիա ստացած մոտ 10.000 տաքսի կա, և պետք է իրենք պայմանագիր կնքեն լիցենզիա ունեցողների հետ»,- ասաց Բեգլարյանը:

 

Նախարարը նաև ասաց, որ ինքը հետևում է տաքսիստների կողմից հնչեցված բողոքներին և կարծում է, որ նրանք պետք է համագործակցեն կառավարության հետ և ոլորտը կարգավորող օրենք ընդունեն.

 

«Ես առաջարկել եմ իրենց ներկայացուցիչներ տան, որպեսզի օրենքը մշակենք, աշխատենք: Օրենքը, երբ Ազգային ժողովում ընդունվում է, միշտ դրանից հետո են մարդիկ բողոքում օրենքի դեմ»,- ասաց նախարարը:

 

Վարորդներն ավելի վաղ նշել էին, որ Yandx Taxi-ի' ՀՀ մուտք գործելու դեպքում պատրաստ են անգամ լիցենզիաները կառավարությանը հետ վերադարձնել, եթե գործադիրը խնդիրը չլուծի:

 

Yandx Taxi-ն ՀՀ-ում գործելու է հուլիսի 1-ից. բջջային հավելվածի միջոցով այն հնարավորություն կտա տաքսի պատվիրել և, ի տարբերություն մնացած տաքսիների, կփոխադրի 100 դրամ մինիմալ վճարով՝ առաջին 2 կիլոմետրի համար: