Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին անհանգստացնում է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու հեռանկարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Eco թերթին տված հարցազրույցում:
«Թրամփի ընտրվելը կբարդացնի Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների փոխհարաբերությունները»,- ասել է Օլանդը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքն արդյոք որպես սպառնալիք է դիտում ամերիկացի հանրապետական միլիարդատիրոջ հնարավոր հաղթանակը Սպիտակ տան համար պայքարում, նա ուղղակիորեն ասել է՝ «այո»:
Ֆրանսիայի նախագահը համոզված է, որ Թրամփի նախընտրական ծրագիրը «ոչնչով չի տարբերվում Եվրոպայում եւ Ֆրանսիայում ծայրահեղ աջերի կարգախոսներից»: «Վախը միգրանտների հանդեպ, հարձակումներն իսլամի վրա, մեղադրանքներն էլիտաների հասցեին, եւ դա այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփն ինքն էլիտայի վառ ներկայացուցիչն է՝ նկատի առնելով նրա կարողությունը»,- պարզաբանել է Օլանդը:
Ինչ վերաբերում է ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակցուհուն՝ Հիլարի Քլինթոնին, ապա Ֆրանսիայի նախագահը հասկանալ է տվել, որ պաշտպանում է նրա ընտրվելը: «Լավագույն ծառայությունը, որը կարող են մատուցել դեմոկրատները, այնպես անելն է, որ Հիլարի Քլինթոնն ընտրվի»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: